Ջրի մոգական ուժը. փոքրիկ լողավազաններից մինչև 8 հեկտարանոց
ЛАЙФԱյսօր բոլորը գիտեն այն առավելությունների մասին, որոնք տալիս է ջուրը. ըստ երևույթին, այդ պատճառով է, որ արհեստական ջրամբարները, մասնավորապես լողավազանները այդքան տարածված են ամբողջ աշխարհում: Կան հանրային լողավազաններ, ջրաշխարհներ, հատուկ ջրային պրոցեդուրաների կենտրոններ: Ընդ որում, շատերը փորձում են ունենալ իրենց սեփական լողավազանները, քանի որ դրանք կարելի է հագեցնել հիդրոօդային մերսման միջոցներով, ինչպես նաև զարդարել սեփական ճաշակով: Այնուամենայնիվ, քչերը գիտեն, որ առաջին լողավազաններն ստեղծվել են դեռևս մեր թվարկությունից շատ առաջ:
Դրանք շատ տարածված են եղել Արևելքում, Հին Հունաստանում ու Հռոմում և ծառայել են ոչ միայն լողանալու, այլ նաև լողի համար:
Օրինակ՝ հայտնի է, որ դեռևս մ.թ.ա. անցկացվել են լողի մրցումներ Ճապոնիայում, իսկ Հին Հունաստանում կառուցվել են հատուկ լողավազաններ օլիմպիական մրցումների համար:
Ավելին, Արևելքում հարեմի ցանկացած սեփականատեր կամ Եվրոպայի ցանկացած հարուստ հույն, հռոմեացի պետք է ունենար իր սեփական լողավազանը տան բակում: Քաղաքների մնացած բնակիչների համար կառուցվել են հասարակական լողավազաններ:
Ճիշտ է, այդ ժամանակների լողավազանների տեսքը շատ քիչ է նման եղել ներկայիս ժամանակակից լողավազանների տեսքին, քանի որ այն ժամանակ դրանք կառուցվել են քարե բլոկներից և ներսից մշակվել խեժերով ու ծառերի ճյուղերով: Եկեղեցու՝ իշխանության գալուց հետո Եվրոպայում լողավազանները հայտարարվել են զվարճանքի անպարկեշտ ձևեր և մոռացության մատնվել մինչև 19-րդ դարը:
Օրինակ՝ Անգլիայում առաջին փակ արհեստական լողավազանը կառուցվել է 1830 թվականին, իսկ սկսած 19-րդ դարի երկրորդ կեսերից՝ Գերմանիայում ստեղծվել են հարյուրից ավելի հանրային լողավազաններ:
Քսաներորդ դարում դրանց ժողովրդականությունը շարունակել է աճել, հայտնվել են տեսարժան վայրեր ունեցող ջրային այգիներ, և անգամ մեծ զբոսանավերի վրա են սկսել ստեղծել լողավազաններ: Ռուսաստանում լողավազանների պատմությունը սկսվել է Սանկտ Պետերբուրգի «Յունոստ» առողջարանային համալիրից:
Չնայած այդ լողավազանի ստեղծման ամբողջ աշխատանքը ավարտվել է 1916 թվականին, բայց բացումը տեղի է ունեցել միայն 1927 թվականին: Տեխնոլոգիայի զարգացումով լողավազաններն ավելի ու ավելի են փոխվել: Դրանք սկսել են հագեցվել մերսման սարքավորումներով, ատրակցիոններով, ջրային թունելներով և ալիք ստեղծելու սարքերով:
Ջրի ախտահանման համար մշակվել են նոր մեթոդներ և գործիքներ, որոնց միջոցով հնարավոր է դարձել կանխել ջրիմուռների բազմացումը ջրի մեջ, պահպանել թթվայնության ցանկալի մակարդակ և այդ ամենը պահել ավտոմատացման հսկողության տակ: Ժամանակակից ջրամեկուսիչ և հարդարման նյութերի շնորհիվ հնարավոր է դարձել ստեղծել զարմանալի գույներով ներկված զանազան հոսող ջրվեժներ, բարձր գեյզերներ և շատրվաններ:
Լողավազանների չափերը ևս փոփոխությունների են ենթարկվել, սկսել են ստեղծվել հարյուրավոր մետրերի հասնող լողավազաններ: Աշխարհի ամենամեծ լողավազանը համարվում է Լատինական Ամերիկայի Սան Ալֆոնսո դել Մար ծովային լողավազանը, որի մակերեսը 8 հեկտար է: