Ереван, 04.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

«Ի սկզբա­նե խնդի­րը շատ անլր­ջա­ցավ. կի­սատ-պռատ, առօ­րե­ա­կան որո­շում­նե­րի շար­քով առաջ­նորդ­վե­ցին»

ИНТЕРВЬЮ

Գործ ունենք պանդեմիայի հետ, մի վարակի, որի վերաբերյալ շատ բան հայտնի չէ: Այս հանգամանքները հաշվի առնելով՝ աշխարհում մոտեցումների երկու սկզբունք կիրառվեց: Առաջինը խիստ սահմանափակումների ճանապարհն է, որով գնացին շատ երկրներ: «Փաստի» հետ զրույցում ընդգծեց համաճարակաբան Ռուբեն Հովհաննիսյանը, որի հետ զրուցել ենք Հայաստանում տիրող համաճարակային իրավիճակի մասին, անդրադարձել նաև այդ ուղղությամբ տարվող քաղաքականությանը:

«Մյուս մոտեցման դեպքում պարզապես հիմնական շեշտը դրվում էր ընդհանուր առողջապահական համակարգի ուժեղացման վրա՝ ենթադրելով, որ այդ համակարգը կկարողանա վարակի տակից դուրս գալ: Այսպես վարվեցին Շվեդիան, Բելառուսը, որոնք սահմանափակումներ, որպես այդպիսին, չմտցրեցին: Այս ճանապարհներից որն էլ որդեգրելու լիներ մեր երկիրը, պետք է հստակ ճանապարհով գնար: 

Օրինակ՝ խիստ սահմանափակումների ճանապարհը մեզ մոտ շատ մեծ հաջողությամբ կարող էր իրականացվել, եթե խիստ միջոցառումներն ի սկզբանե շատ հետևողականորեն և հստակ իրականացվեին: Բայց մենք այլ պատկեր տեսանք:

 Ուշացավ սահմանների փակման որոշումը, բացի այդ, ղեկավար մարմինների կողմից կանխարգելիչ միջոցների ճիշտ ու տեղին կիրառման վերաբերյալ անլուրջ մոտեցում կար: Հիմա պատճառաբանում են, ասում՝ «այն ժամանակ շատ բան չգիտեինք»:

Բայց ամբողջ հարցն այն է, որ երբ շատ բան չգիտես, առավել զգուշավոր պետք է լինես կամ վարվես այնպես, ինչպես,օրինակ՝ վերոնշյալ երկու երկրները, որոնք այլ ռազմավարություն որդեգրեցին: Տպավորությունն այնպիսին էր, որ մեզ մոտ կիսատ-պռատ, առօրեական որոշումների շարքով սկսեցին առաջնորդվել: 

Դեպքեր էին արձանագրվում ու զարմանքով ասում էին՝ «վայ, ինչո՞ւ շատացան»: Այս ամենը ցույց է տալիս, որ շարժվել ու մինչ օրս շարժվում ենք համաճարակի հետևից, և, որպես այդպիսին, կանխարգելող ռազմավարություն չենք կիրառել: 

Մենք համաճարակի հետևից վազելով ենք փորձել կանխարգելել այն, որը երբեք և ոչ մի դեպքում արդյունք չի կարող ապահովել: Եվ նույն սխալներով շարունակում ենք առաջնորդվել նաև հիմա»,-շեշտեց համաճարակաբանը:

Նա մի քանի առաջնային խնդիրներ մատնանշեց: 

«Նախ՝ երկրում համաճարակաբանական հսկման համակարգը, որպես այդպիսին, չի գործում: Այն իրենից նախևառաջ իրավիճակի օպերատիվ վերլուծություն է ենթադրում, բայց մինչ օրս ես չեմ տեսել մի այնպիսի վիճակագրական վերլուծություն, որը թույլ կտար պատկերացնել, թե համաճարակը ո՞ր փուլում է մեր երկրում: Միայն վերջերս Ամերիկյան համալսարանն է փորձում ինչ-որ հետազոտություն իրականացնել, բայց սա ոչ թե համալսարանի, այլ երկրի խնդիրն է: Եթե այդ ամենը չի արվում, հստակ պատկեր չես ունենում, ապա միայն գուշակություններով, տարբեր երկրների այս կամ այն հետազոտությունները մեջբերելով՝ մենք հեռու չենք կարող գնալ:

 Առհասարակ, յուրաքանչյուր երկիր իր առանձնահատկություններն ունի: Եվ այս առումով նաև վարքագծային հետազոտություններ պետք է իրականացվեին, օրինակ՝ դիմակների արդյունավետ կիրառման վերաբերյալ: 

Բնակչության շրջանում պատկերացումների, նախապաշարմունքների արագ գնահատում պետք է իրականացվեր, որ հասկանային, թե մարդն ինչպես է վերաբերվում դիմակ կրելուն, որին պարտադրում են այն կրել անգամ մենակ քայլելուց: 

Ինքը ի՞նչ է անելու հետո, պարզ է՝ տուն հասնելուն պես կամ իր կոմֆորտ զոնայում՝ հարևանի, ընկերների շրջապատում, անմիջապես հանելու է այն, ու, բնականաբար, վարակի տարածում է լինելու: 

Ինչ եմ ուզում ասել, այսինքն, երբ մարդուն այդ ամենի էությունը լիարժեք չես բացատրում, երբ նրան ավելորդ ծանրաբեռնվածության ու վախի մթնոլորտի մեջ ես պահում, նա լիաթոք շունչ առնելու համար յուրաքանչյուր առիթ օգտագործելու է: 

Սրանք վարքագծի հետ կապված հարցեր են, որոնք խորը մասնագիտական մոտեցում են պահանջում, եթե կա արդյունք ստանալու ցանկություն»,-ասաց Ռ. Հովհաննիսյանը՝ շեշտելով, որ դիմակներ կրելու մասին դեկլարատիվ քարոզը որևէ խնդիր չի լուծի:

«Դիմակ կրելը մեր բնականոն վիճակը չէ, ու քաղաքացիներից մասսայաբար ու ամենուրեք դիմակ կրել պահանջելը ոչ գրագետ մոտեցում է: Համոզված եմ՝ անգամ դիմակ կրել պահանջողները ամենուրեք այն չեն կրում: 

Մյուս կողմից՝ ինչպես են պահանջում քաղաքացուց հետևել կանոններին, երբ տեսնում ես լուսանկարներ, որտեղ իշխանության ներկայացուցիչները միջոցառումների ժամանակ առանց դիմակների են: Այս դեպքում քաղաքացին ինչպե՞ս վերաբերվի այդ ամենին: Առհասարակ միշտ էլ կարող ես քաղաքացուն մեղադրել, բայց հետո՞: 

Էլ չեմ խոսում այն մասին, որ նման որոշումների պարագայում այդ միջոցներով պետք է ապահովել բնակչությանը: Մեզ մոտ նույն դիմակների դաշտը թողնվել է շուկայական հարաբերությունների կարգավորման վրա: 

Հնարավո՞ր չէր այդ դաշտը կարգավորել: Նույնիսկ հիմա մեզ ասում են՝ մի քիչ էլ սպասեք՝ գները կսկսեն ընկնել: Հաշվի առնելով այս և շատ այլ խնդիրներ, հարց է առաջանում, թե, ընդհանրապես, արտակարգ դրություն մտցնելու իմաստը ո՞րն է: 

Ի՞նչ է, պետության լծակը միայն թղթի վրա որոշում կայացնելն ու մարդկանց համար սահմանափակումներ մտցնե՞լն է: Մեծ հաշվով, ըստ իս, նման քաղաքականությունը ոչ մի ողջամիտ շրջանակներում չի տեղավորվում»:

 

Նա ընդգծեց, որ այսօր անգամ վարչապետի մակարդակով համաճարակաբանական այնպիսի հիպոթեզներ են դուրս հանվում, որոնք մասնագետների մոտ հարցեր են առաջացնում. «Օրինակ՝ ասում են՝ օդի մեջ այն տասը րոպեից ավելի պահպանվում է: 

Լավ, իսկ մեկը չկա՞՝ հարցնի՝ այդ օդը անշարժ վիճակո՞ւմ է մնում: Բաց տարածքում արտաշնչած օդի խտությունն ակնթարթորեն այնքան է նոսրանում, որ վարակումը քիչ հավանական է դառնում: 

Էլ չեմ ասում, որ կա վարակելիության ինֆեկտիվ դոզա հասկացություն, այսինքն, վարակի համար անհրաժեշտ քանակությամբ հարուցիչի քանակ: Կա՞ լուրջ հետազություն այն մասին, թե ինչ քանակի դեպքում է մարդը վարակվում: Մի խոսքով, նման շատ ու շատ հարցեր կան: Ամենաբարձր մարմիններում այսպիսի մակերեսային, ոչ լիարժեք պատկերացում ունեն: Առհասարակ, ի սկզբանե խնդիրը շատ անլրջացավ»:

Համաճարակաբանը նշեց, որ առողջապահական համակարգին պատրաստելու բավականին մեծ ժամանակ՝ երեք-չորս ամիս կար, բայց այսօր նոր-նոր ինչ-որ որոշումներ են կայացվում նախարարի կողմից, ինչը ևս խնդիր է. «Առողջապահական համակարգում առողջապահության աշխատողների էլեմենտար պաշտպանիչ միջոցների տրամադրման լիարժեք մեխանիզմ ևս չկա: Այս հարցերը պետությունը գոնե պետք է ապահովեր, որովհետև, համոզված եմ, շուտով առողջապահական համակարգի աշխատողների վարակման համատարած դեպքեր ենք ունենալու»:

Ռուբեն Հովհաննիսյանը նշեց, որ ամեն ինչ հենվում է հետազոտությունների մասսայականության վրա, և այդ շրջանակում է նաև վարակի պիկի մասին որևէ եզրահանգում անելու խնդիրը. «Միայն մասսայական հետազոտությունների ֆոնին ավելի քիչ դեպքեր արձանագրելու դեպքում կարող ենք ասել, որ պիկն այս էտապում դեպի նվազում է գնում: 

Բայց թե՛ այս ամբողջ ամիսների ընթացքում, թե՛ նաև հիմա տեսնում եմ, որ թեստավորումների խնդիր կա: 

Չգիտեմ՝ իբր հայկական թեստեր էին սկսում արտադրել, նաև միջոցներ ուղղվեցին, բայց կրկին հարց է առաջանում՝ այստեղ պետության դերը ո՞րն է: 

Այս պարագայում մենք բոլոր կարիք ունեցողներին պետք է թեստավորեինք, բայց սահմանափակ թեստավորումների պայմաններում եթե անգամ 1000 թեստավորվողներից 1000-ն էլ դրական լինեն, չենք կարող ասել՝ պիկին հասել ենք, թե ոչ»:

Խոսելով այսօր անհրաժեշտ հիմնական քայլերի մասին՝ մասնագետը նախ նշեց, որ համաճարակի զարգացման տեմպերով մենք ոչնչով չենք զիջում այն երկրներին, որտեղ գրեթե սահմանափակումներ չեն մտցվել. «Մեր միջոցների ու ռեսուրսների առյուծի բաժինն ամբողջովին պետք է ուղղված լինի առողջապահական համակարգում կոնսոլիդացված ու համակարգված աշխատանք ապահովելուն: 

Ռազմավարությունը սա պետք է լինի. ոչ թե առանձին կորոնահոսպիտալներ պետք է ստեղծեն, այլ ցանկացած բժշկական հիմնարկություն, կազմակերպություն պետք է պոտենցիալ կորոնահոսպիտալ դառնա: Բացի այդ, բուժման ուղեցույցներ պետք է մշակեն ու տան բժիշկներին, արագ վերապատրաստեն նրանց, որ նրանք մարդկանց տանը բուժում նշանակեն: 

Սա թույլ կտա հասկանալ պատկերը: Մասնավորապես՝ այս վարակն իրենից հանրային առողջապահական մեծ խնդի՞ր է ներկայացնում, որի պատճառով ստիպված ես երկիրը 3-4 ամիս արտակարգ դրության մեջ պահել, թե՞ առողջապահական համակարգն ի վիճակի է լուծել խնդիրը, եթե ճիշտ ու համակարգված աշխատենք: Մեծ հաշվով, վարակն այսօր այն ձևով է տարածված, որ ո՛չ արտակարգ դրությունն է ինչ-որ բան տալիս, ո՛չ որևէ բնակավայրի փակել-չփակելը»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Ucom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию