Սննդամթերքի շուկայում կրկին գնաճ կա. պարենային որոշ ապրանքներ շարունակում են թանկանալ
ЭКОНОМИКАՍննդամթերքի շուկայում 2020 թ. հունիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 2,1 տոկոս գնաճ է արձանագրվել: Ոչ ալկոհոլային խմիչքների և սննդամթերքի շուկաներում, միասին վերցված, գնաճը կազմել է 2 տոկոս: Past.am-ն այս մասին տեղեկանում է վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներից:
Պարենային շուկայում նախորդ ամիսներին արձանագրված գնաճը որոշ ապրանքատեսակների առումով 2020 թ. հունիսին ևս շարունակվել է:
Մասնավորապես, այլուրի ու ձավարեղենի ապրանքախմբում հունիսին գրանցված գնաճը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է 10,6 տոկոս: Իսկ հացը թանկացել է 1,4, մակարոնեղենը՝ 7,3: Այլ է պատկերը մսի շուկայում: Բացառությամբ գառան մսի, ինչպես նախորդ ամիսներին, այստեղ գները շարունակում են նվազել: Նախորդ տարվա հունիսի համեմատ մսի ընդհանուր ապրանքախմբում 3,3 տոկոս գնանկում կա: Մասնավորապես, տավարի միսը նվազել է 1,9, թռչնամիսը՝ 12,6 տոկոսով: Ձկան և ծովամթերքի շուկայում ևս գնանկում կա՝ 4,6 տոկոս, բայց սառեցված ձուկը 5,4 տոկոսով թանկացել է:
Կաթնամթերքի, պանրի և ձվի շուկայում, ընդհանուր առմամբ, գների 3,5 տոկոս նվազում կա: Միևնույն ժամանակ, առանձին տեսակներում գնաճ է արձանագրվել: Օրինակ՝ անարատ կաթը թանկացել է 1,5 տոկոսով: Իսկ յոգուրտի և մածունի շուկայում՝ 3,3 տոկոս, պանրի և կաթնաշոռի շուկայում՝ 1,1 տոկոս գնաճ կա:
Ինչպես 2020 թ. սկզբին, հունիսին ևս ձվի գինը շարունակել է նվազել: Նախորդ տարվա հունիսի համեմատ ձվի գինը 19,2 տոկոսով է նվազել: Կարագի գինը նվազել է 4,2 տոկոսով: Իսկ մրգի ու բանջարեղենի շուկայում գնաճի տեմպերը շարունակվել են նաև հունիսին: Նախորդ տավա նույն ժամանակահատվածի համեմատ մրգերի գինը բարձրացել է 14,2, բանջարեղենը՝ 4,6 տոկոսով: Օրինակ՝ լոլիկը 2019 թ. հունիսի համեմատ թանկացել է 37,2, սմբուկը՝ 41,7, կանաչ լոբին՝ 26,9, վարունգը՝ 3,6 տոկոսով: Միևնույն ժամանակ, գազարի գինը նվազել է 36,1, սնկինը՝ 8 տոկոսով, իսկ կարտոֆիլինը՝ 17 տոկոսով:
Ինչ վերաբերում է ալկոհոլային խմիչքներին, ապա այստեղ 12 տոկոս գնաճ կա: Մասնավորապես, գարեջուրը նախորդ տարվա հունիսի համեմատ թանակցել է 5,3, գինին՝ 1,9, օղին՝ 17,6 տոկոսով: