Չավուշօղլու. Անկարան Ռուսաստանին կոչ է անում չեղարկել տնտեսական պատժամիջոցները
МЕЖДУНАРОДНОЕԱնկարան անհրաժեշտ է համարում շտապ չեղարկել Ռուսաստանի կողմից Սու 24 օդանավը խոցելու միջադեպի պատճառով սահմանված տնտեսական պատժամիջոցները։ Այս մասին ՏԱՍՍ-ի հետ զրույցում ասել է Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուն։
«Տնտեսությունն ու առեւտուրը միշտ հատուկ տեղ են զբաղեցրել մեր երկկողմ հարաբերություններում։ Մենք կարծում ենք, որ ճիշտ չէ տեղի ունեցած տխուր միջադեպի պատճառով թույլ տալ, որ վնաս հասցվի մեր հարաբերություններին, որոնք երկար տարիների ջանքերի արդյունքում կայուն հիմք են ստացել»,- ասել է Թուրքիայի արտգործնախարարը՝ անդրադառնալով այն հարցին, թե ինչպես է Անկարան գնահատում Թուրքիայի դեմ ՌԴ նախագահի ստորագրած տնտեսական պատժամիջոցներ սահմանելու հրամանը։
«Ներկա լարվածության սրացման փոխարեն մենք պետք է սառը գլխով հնարավորինս արագ հաղթահարենք այս շրջանը եւ նորից մեր հարաբերությունները բերենք նախկին հունին։ Պետք է նշել, որ հակառակ դեպքում այս տխուր միջադեպը շարունակական հետեւանքների ռիսկ է պարունակում։
Մենք նպատակահարմար ենք համարում մեր երկրների շահերից եւ դրանց ապագայից ելնելով վերանայել նշված միջոցները եւ անմիջապես դրանք չեղարկել։ Հակառակ դեպքում նշված տնտեսական միջոցներն ուղղակիորեն իրենց ազդեցությունը կունենան երկու երկրների տնտեսությունների վրա եւ ռուսաստանցի ժողովրդի համար պակաս բացասական հետեւանքներ չեն ունենա»,- ասել է Չավուշօղլուն։



