«Պետք է ավարտել այն, ինչ ավարտվելու է․ չեմ սիրում ինքնախաբեությամբ զբաղվել»․ Լիա Զախարյանի նոր ֆոտոշարքն ու ամենագեղեցիկ մայրամուտը
ЛАЙФԴերասանուհի Լիա Զախարյանը նոր ֆոտոշարք ունի, որն իրականացրել է Սևանի ափին՝ մայրամուտին։ Նա այն տրամադրել է Tert.am Life-ին ու պատմել իր կյանքի ամենագեղեցիկ մայրամուտի և հարաբերությունների ավարտի մասին։
Ասում է՝ իր կյանքում էլ հիմա մայրամուտ է, սակայն դա նշանակում է, որ շուտով լուսաբաց կլինի, և ինքը կշողա ավելի պայծառ, քան նախկինում։
«Իմ մայրամուտը դեռ չի անցել սարի հետևը։ Դեռ պրոցեսի մեջ է, չի փակվել։ Հենց գա այն պահը, որ արևը փակվի, շատ արագ փոփոխություն է լինելու, որից հետո կլինի նոր Լիա՝ նոր գործունեությամբ, էմոցիաներով ո հաջողություններով։ Միգուցե, ես էլ դեռ պատրաստ չեմ նոր բանի։ Այս ավարտում ուզում եմ բաց թողնել այն, ինչը կիսատ է իմ կյանքում, իսկ այն, ինչ ընթացքի մեջ է, ինձ հետ տանում եմ նոր փուլ»,- ասաց Լիան։
Ըստ դերասանուհու՝ իր կյանքում տխուր ավարտներ չեն եղել։ Հարաբերությունները միշտ ավարտել է քննարկման արդյունքում։
«Վատ էմոցիաներով ավարտ չեմ ունեցել, թեև ավարտն ինքնին վատ է․ չէ՞ որ դու ինչ-որ բան էիր կառուցում։ Սակայն պետք է ավարտել այն, ինչը վաղ, թե ուշ ավարտվելու է։ Չեմ սիրում ինքնախաբեությամբ զբաղվել։ Եթե զգում եմ մի բան հեռանկար չունի, ինձ չի տանում դեպի հաջողություն, կտրուկ ավարտում եմ այն։ Ինձ համար ամենադժվարը ավարտի գիտակցությանը հասնելն է, հենց գալիս եմ այդ գիտակցությանը, հանգիստ ասում եմ՝ հաջողություն։ Ամեն դեպքում, իմ կյանքում ավարտը միշտ եղել է քննարկման, իրար հասկանալու արդյունքում։ Եթե հարաբերությունը ավարտել ենք, հաջորդ օրը հանդիպել ենք ու շատ նորմալ շփվել ենք»,- նշեց նա։
Լիան շեշտեց, որ շատ է սիրում մայրամուտը, սակայն այն գեղեցիկ է, քանի որ հաջորդ օրն արևածագ է լինելու․ «Մայրամուտն առանց արևածագի սիրուն չէ»։