«Այս տարի միայն ես եմ սեպտեմբերի 1-ին դասի». ինչպե՞ս են Լիլի Էլբակյանի ու Համո Ադիյանի երեխաները պատրաստվում ուսումնական տարվա մեկնարկին
ЛАЙФԴերասանուհի, ռեժիսոր Լիլի Էլբակյանի եւ Համո Ադիյանի երեխաները` Էլմիրան ու Էդգարը, մեծ ոգեւորությամբ են սպասում դասերի մեկնարկին: Թեեւ այսօր` սեպտեմբերի 1-ին, նրանք չեն կարողանա կատարել իրենց առաջին քայլերը նոր ուսումնական հաստատություններում, այդ փաստից չեն սրտնեղում. վայելում են արձակուրդային վերջին օրերն ու սպասում նոր ընկերների հետ հանդիպմանը: Փոխարենը Լիլին այսօր սովորականի պես սեպտեմբերի 1-ին դասի կլինի: Դերասանուհի-ռեժիսորը դասավանդում է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում եւ NEWS.am STYLE-ի հետ զրույցում մեծ ոգեւորությամբ է պատմել իր ակնկալիքների ու երեխաների կյանքում նորությունների մասին:
«Աղջիկս այս տարի 4-րդ դասարան է, տղաս` առաջին, բայց Էլմիրան դպրոցը փոխել է, այս տարի առաջին անգամ գնալու է բալետի ուսումնարան: Տղաս էլ առաջին դասարան է տեղափոխվում, այնպես որ` ձեռք կբերի նոր ընկերներ եւ նոր զգացողություններ: Էլմիրան իր ընկերներին ու դասղեկին` տիկին Ղազարյանին, շատ է կարոտել, բայց այնպես է ստացվել, որ, այս տարի նա տեղափոխվում է, իսկ Էդգարը գնալու է նրա դասարան»,-նշեց դերասանուհին, որն անդրադարձավ նաեւ համավարակի պայմաններում դպրոցների բացմանն ու օնլայն դասերի դժվարություններին:
«Միեւնույն է բակերում երեխաներն առանց դիմակի խաղում են միմյանց հետ եւ գնում են մանկապարտեզներ: Հստակ չեմ կարող ոչինչ ասել, որովհետեւ հիվանդանալու վախը միշտ էլ կա, բայց ինձ համար այդ օնլայն դասերը շատ բարդ էին ու ձանձրալի: Դա այն մարդկանց համար է հեշտ, որոնց երեխաները շփվող չեն, կամ իրենք ազատ ժամանակ շատ ունեն եւ կարող են նստել տանը ու երեխաների դասերով զբաղվել, իսկ աշխատող ծնողների համար առցանց դասերը շատ բարդ են: Էլ չասեմ, որ առաջին դասարանցիները պետք է կարողանան ընկալել` ինչ է դպրոցը: Օրինակ` իմ տղան ընդհանրապես չի ընկալում, թե ուր պիտի գնա, տանը «1+1»-ը չի ուզում նստել ու սովորել. պիտի գնա դպրոց, հասկանա` ինչ է դա, այդ խստությունը, պատասխանատվության զգացումը…»: