«Դժվարանում էինք հավատալ մեր աչքերին». Nemra-ից Վանը՝ ֆրանսիական մշակույթին սիրահարված աղջկան «նվիրված» տեսահոլովակի ու Թանկյանի արձագանքի մասին
ЛАЙФNemra ռոք խմբի «She’s Beautiful» երգի տեսահոլովակը թողարկման օրվանից սկսած մեծ արձագանք ստացավ ոչ միայն ռոքի սիրահարների, խմբի երկրպագուների, այլեւ աշխարհահռչակ ռոք երաժիշտ, System Of a Down խմբի մեներգիչ Սերժ Թանկյանի կողմից: Նա ոչ միայն իր էջում հրապարակեց տեսահոլովակը, այլեւ տեղեկացրեց իր հետեւորդներին հայկական «զիլ ռոք խմբի» մասին:
NEWS.am STYLE-ը խմբի՝ բարձր գնահատված աշխատանքի, նորությունների ու ծրագրերի մասին զրուցել է Nemra-ի վոկալիստ ու կիթառահար Վան Եղիազարյանի հետ, որն, ի դեպ, օգոստոսի 28-ին նշել է ծննդյան 28-ամյայկը: Վանը նաեւ պատմել է, թե ինչու չի սիրում տոնել իր տարեդարձը:
«Երգը Ֆրանսիային ու ֆրանսիական մշակույթին սիրահարված աղջկա մասին է»
Մոտ երկու շաբաթ առաջ Nemra-ն թողարկեց իր առաջին բլյուզ երգի՝ «She’s Beautiful»-ի տեսահոլովակը: Ինչպես խմբի մյուս երգերը, այս երգը, նույնպես, հեղինակային աշխատանք է, որը գրել է խմբի բաս կիթառահար Վասպուրը: Խոսելով երգի ու տեսահոլովակի ստեղծման մասին՝ Վանը նշեց.
«Երգը Ֆրանսիային ու ֆրանսիական մշակույթին սիրահարված աղջկա մասին է. նա կարծում է, որ իր գլուխը մեծ է իր մարմնի համեմատ, եւ նա ճիշտ է, բայց դա նրան շատ է սազում: Նա սիրում է սեւ գլխարկ կրել, պարել եւ երբեմն՝ խմել, եւ ամեն կերպարում ու իրավիճակում նա, միեւնույնն է, գեղեցիկ է:
Տեսահոլովակի ռեժիսորը մեր շատ լավ ընկեր Մարիամ Գեւորգյանն է, ում հետ նկարել ենք «Նարե»-ի եւ «Leave me alone»-ի տեսահոլովակները: Հերոսուհին Մերի Սարգսյանն է, որին շատ երկար փնտրելուց հետո գտանք, ու շատ ուրախ ենք, որ հենց իր հետ աշխատեցինք, քանի որ նույն ձեւով էինք պատկերացնում՝ ինչ կերպար է պետք, եւ նա լիովին համապատասխանում էր դրան:
Երաժշտությունն էլ հետաքրքիր միաձուլում է ռոքի, բլյուզի եւ վալսի որոշ դետալների, որը ֆրանսիական տրամադրություն է հաղորդում երգին»:
«Սերժ Թանկյանի գնահատականն ամենամեծն էր, որ կարող էր լինել այս ոլորտի մարդկանց կողմից»
Վանի խոսքով՝ իրենց երգի վերաբերյալ Սերժ Թանկյանի արձագանքը որքան հաճելի էր, նույնքան՝ անսպասելի. պարզապես, մի առավոտ արթնացան ու տեսան ծանուցում՝ «Սերժ Թանկյանը կիսվել է ձեր հրապարակումով».
«Սերժ Թանկյանի գնահատականն ամենամեծն էր, որ կարող էր լինել այս ոլորտի մարդկանց կողմից, հատկապես՝ մեր սերնդի համար, քանի որ 90-ականներին ծնվածներիցս շատերը ռոքին մոտեցել են System of a down-ի շնորհիվ:
Աննկարագրելի անսպասելի էր եւ մեծ անակնկալ, մենք նախապես չէինք փորձել ուղարկել երգն իրեն, չէինք դիմել ու խնդրել, որ կիսվի երգով, ուղղակի առավոտյան արթնացանք ու ծանուցում ստացանք՝ «Սերժ Թանկյանը կիսվել է ձեր հրապարակումով»: Դժվարանում էինք հավատալ մեր աչքերին:
Մենք՝ հատկապես ես եւ եղբայրս՝ Վասպուրը, հենց SOAD-ից ենք սկսել հետաքրքրվել ռոքով: Թե՛ SOAD-ի, թե՛ Սերժ Թանկյանի ու Դարոն Մալաքյանի սոլո ալբոմները մեզ դրդեցին մտնել այս դաշտ, հետո արդեն հետ գնացինք եւ Չակ Բերիից ու Beatles-ից սկսած ուսումնասիրեցինք ամբողջ ոլորտը:
Թանկյանի գնահատականի մասին կարող են երազել բազմաթիվ՝ արդեն կայացած երաժիշտներ` ոչ միայն Հայաստանում, այլեւ ամբողջ աշխարհում: Իրոք շատ բարձր ենք գնահատում եւ, ինչ-որ առումով, մեզ համար սա եւս մեկ ազդակ է, որ ճիշտ ուղղու վրա ենք, քանի որ հայաստանյան մթնոլորտում մեր ոլորտի մարդկանց հաճախ են այցելում կասկածները, եւ այսպիսի իրադարձություններից ես հասկանում, որ ստեղծածդ կարող են լսել եւ սիրել աշխարի տարբեր ծայրերում գտնվող տարբեր ազգերի ներկայացուցիչներ»,-ասում է Վանն ու հավելում.