Արամեի նոր զուգերգի մանրամասները, լուսանկարներն ու այցը Հայաստան
ЛАЙФԵրգիչ Արամեն իր երկրպագուների համար անակնկալ ունի նոր զուգերգի տեսքով: «Պատուհանդ բաց արա» կոչվող երգի ու տեսահոլովակի առաջին մանրամասներն ու լուսանկարները նա վստահել է Tert.am Life–ին:
Երգի երաժշտության և գործիքավորման հեղինակը Ռիչարդ Մադլենյանն է, խոսքերի հեղինակը Ռիչարդ Մադլենյանն ու Գրիգոր Կյոկչյանն են:
Ըստ երգչի պրոդյուսեր Սյոմա Կոդաբաշյանի` մինչև երգի վերնագիրն ընտրելը երկար են մտածել. «Չէինք ցանկանում դա ընտրել, ամեն ինչ անում էինք` այդ տարբերակից խուսափելու համար, բայց քանի որ կրկներգի ամենահիշվող հատվածն էր, ընտրեցինք հենց այդ տարբերակը: Երգը վաղուց եղել է Ռիչարդ Մադլենյանի մոտ, հետո այն վերցրել է երգչուհի Ստելա Մկրտչյանը: Ռիչարդն առաջարկել է զուգերգով հանդես գալ, դիմել են Արամեին, նա լսել է երգն ու շատ է հավանել: Արամեն միշտ էլ ասել է, որ պարտադիր չէ զուգերգը լինի հայտնի մարդու հետ: Եթե երգիչն ունի լավ տվյալներ, կարող է նաև հայտնի չլինել»:
Տեսահոլովակի ռեժիսորն Արթուր Մանուկյանն է, նկարահանումները տևել են մեկ օր: «Տեսահոլովակում կերպարներ, որպես այդպիսին, չկան, երկու հերոս են` Արամեն և Ստելան: Տեսահոլովակը պետք է նկարահանեինք տարեսկզբին, բայց քանի որ Ստելան Ռուսաստանում էր ու համաճարակային իրավիճակի պատճառով չէր կարող Հայաստան գալ, մի փոքր հետաձգեցինք նկարահանումները: Մասսայական տեսարաններ չէինք ծրագրել, որպեսզի պահեինք պարետատան սահմանած կանոնները: Չեմ կարող ասել, որ տեսահոլովակը խաղարկային չէ, բայց սյուժեն մեկնաբանել չեմ կարող, ավելի շատ էսթետիկ հաճույք պարգևող տեսահոլովակ է»,-ասաց պրոդյուսերը:
Արամեն կարանտինային շրջանում բավականին ակտիվ գործունեություն էր ծավալում։ Սյոման հայտնեց, որ մոտ երկու շաբաթվա ընթացքում կնկարահանեն ևս մեկ տեսահոլովակ, որի երգն էմոցիոնալ առումով առանձնահատուկ նշանակություն ունի Արամեի համար: