«Քանի կինս կողքիս է, մեջքս պինդ է». Ռաֆայել Քոթանջյան
ЛАЙФՆրա հետ կարելի է անդադար զրուցել, լսել նրա պատմությունները, ժպտալ եւ սովորել։ Նա տարբերվում է ոչ միայն դերասանական խաղով, բեմական կեցվածքով, այլեւ հետարքիր տեսակով։ BRAVO.am-ը գեղեցիկ զրույց է ունեցել ՀՀ ժողովրդական արտիստ Ռաֆայել Քոթանջյանի հետ, նաեւ լուսանկարել տիկնոջ, թոռների եւ հարսի հետ:
— Պարո՛ն Քոթանջյան, ցանկանում եմ զրույցը սկսել գեղեցիկ մի հուշով, որը, վստահ եմ, ժպիտով եք հիշում։ Ինչպե՞ս եղավ, որ Հնդկաստանի նախագահի փոխարեն ծաղկեփունջ հանձնեցիք նրա դստերը։
— Ես մեկ ամիս հանգստանում էի Թբիլիսիի պիոներական ճամբարում։ Եվ ահա բոլորը սկսեցին խոսել այն մասին, որ շուտով գալու է Հնդկաստանի նախագահը։ Հավաքեցին «հատուկ» երեխաների, որոնք պետք է դիմավորեին հյուրերին: Մեզ ասացին՝ երբ տեսնենք սպիտակ հագուստով մարդ, անմիջապես ծաղիկները տանք: Դե, ես էլ խելոք երեխա էի, երբ բոլորը սկսեցին հրմշտելով առաջ գնալ, նախ զարմացա՝ միթե կարելի է այդպես վարվել, այնուհետեւ տեսա՝ կողքս կանգնած է մի աղջնակ՝ սպիտակ հագուստով, ու ծաղիկները նրան նվիրեցի: Պարզվեց՝ նախագահի դուստրն էր՝ Հնդկաստանի ապագա ղեկավարը, եւ միջոցառման ընթացքում ինձ նստեցրին նրանց երկուսի մեջտեղում: Հիշում եմ՝ ինչպես նախագահի անվտանգության ծառայության ղեկավարը ձեռը դրեց ուսիս եւ ասա՝ շատ ճիշտ քայլ էր։
— Գիտեմ՝ անասելի կերպով հավատում եք ճակատագիր ասվածին:
— Այո, եւ չգիտեմ՝ կհավատաք, թե ոչ, բայց գրեթե ամեն օր մտածում եմ, հիշում եւ վերլուծում իմ հետ տեղի ունեցած յուրաքանչյուր դեպք։ Հայրս կենտկոմի բաժնի պետ էր, այն էլ շատ պատասխանատու բաժնի՝ ագիտացիայի եւ քարոզչության։ Մորս հետ հաճախ էին այցելում թատրոն, կինո, համերգասրահ։ Ինչեւէ, հերթական անգամ պետք է գնային որեւէ միջոցառման, եւ մորս զգեստը պետք է արդուկվեր։ Այն ժամանակ արդուկներն այլ էին՝ տաքանում էին ածուխով, եւ պետք էր թափահարել: Բնականաբար, այդ գործն անում էր հայրս, քանի որ իսկական ջենթլմեն էր։ Պատկերացրեք՝ թիկնեղ տղամարդը, որի հասակը մոտ երկու մետր է, ինչ ուժգին կթափահարի արդուկը, եւ ես էլ փոքրիկ երեխա, վազեցի արդուկի ուղղությամբ, եւ հայրս այդ տաք արդուկով ուժգին հարվածեց ճակատիս։ Մայրս, լինելով բժիշկ, լեզվով փակեց վնասված հատվածը… Այդ ժամանակ ընդամենը երկու տարեկան էի։ Ինչու պատմեցի այս պատմությունը. դա հարված էր, որը կարող էր այլ բանի բերեր, նույնիսկ կարող էի հաշմանդամ դառնալ։ Ճակատագիրը նույնիսկ այդ րոպեին իր որոշումը կայացրեց եւ այդ ուժգին հարվածից ինձ թողեց միայն մի սպի, որը տարիների ընթացքում դարձավ անտեսանելի։ Այո, դա պետք է լիներ, որպեսզի անգամ երկու տարեկանում ես հասկանայի կյանքի արժեքը։
-Պարո՛ն Քոթանջյան, իսկ Ձեր պաշտոնյա հայրը դե՞մ չէր Ձեր դերասան դառնալու մտքին։
— Հայրս, լինելով բարձր պաշտոնի, երբեւէ ցանկություն չի ունեցել, որ լինեմ պաշտոնյա։ Նա ցանկանում էր, որ դառնայի ճարտարապետ, ինչո՞ւ, որովետեւ դա իր ցանկությունն է եղել, որն անկատար է մնացել։ Ես կարդում եւ հետաքրքրվում էի ճարտարապետության մասին գրքերով, այն ինձ համար որոշակի տեղ է զբաղեցնում կյանքում, բայց թատրոնն ու դերասանություն ավելի գրավեցին։ Ես սովորական ընտանիքում չէի ծնվել. ծնողներս հավուր պատշաճի հարգում էին իմ տեսակետը, ցանկությունն ու որոշումը