«Դեռ չեմ վախենում տարիքից, որովհետեւ շատ մեծ չեմ, բայց վստահ եմ, որ տարիների հետ այդ վախերը կլինեն». Անուշիկ Առաքելյան
ЛАЙФԴերասանուհի Անուշիկ Առաքելյանը սեպտեմբերի 8-ին նշել է ծննդյան տարեդարձը: Դերասանուհին ասում է` մեծ խնջույքների սիրահար չէ, այդպիսով որոշել է ավելի մեղմ ձեւով տոնել իր օրը: NEWS.am STYLE-ի հետ զրույցում Անուշիկը պատմել է, թե ինչու չի սիրում աղմկոտ միջոցառումներ եւ ինչու ծննդյան օրը չի պահում նպատակներ:
Անուշիկը նշում է` տարիքից չի վախենում, բայց նաեւ չի սիրում այն բարձրաձայնել` անձնականը նախընտրելով թողնել ավելի փակ.
«Դեռ չեմ վախենում տարիքից, որովհետեւ շատ մեծ չեմ, բայց վստահ եմ, որ տարիների հետ այդ վախերը կլինեն, որովհետեւ դա յուրաքանչյուր մարդուն բնորոշ գիծ է: Ծննդյանս օրն առանձնապես չեմ սիրում նշել, որովհետեւ աղմկոտ հացվաքույթների սիրահար չեմ: Նախընտրում եմ հանգիստ անցկացնել այդ օրը, զբաղվել ինձանով եւ հատընտիր ընկերների միջավայրում նստել, զրուցել... Պարել առանձնապես չեմ սիրում, դրա համար` ռեստորանային հավաքույթներին բնորոշ ծնունդներ էլ չեմ սիրում: Բայց ընկերներս շատ են, ու երբ հավաքվում ենք, մոտավորապես, նման մի բան է ստացվում (ծիծաղում է)»:
Դերասանուհու ծննդյան օրը սկսվել է հարազատ մարդկանց՝ մայրիկի, դստեր եւ հարեւանների շնորհավորանքով, ինչը նրա խոսքով՝ արդեն բարի ավանդույթի է վերածվել: Իսկ օրվա շարունակությունը դերասանուհին անցկացրել է սիրելի սրճարանում՝ ամենամտերիմ մարդկանց հետ: Անուշիկը նշում է, որ այդ առումով կորոնավիրուսն իր ծագրերը չի խափանել.
«Չեմ կարծում` հիմա կորոնավիրուսն ազդում է հավաքույթների վրա, որովհետեւ ինչպես տեսնում եք` եթե ինչ-որ մարդիկ ուզում են հավաքվել, հավաքվում են, եւ իմ կողմից ծննդյանս օրը մեղմ նշելը դրանով պայմանավորված չէր»,-պատմում է նա ու հավելում-«Չկա մեկը, ում շնորհավորանքին հատուկ սպասում եմ, կարծում եմ` ում շնորհավորանքին սպասել եմ, շնորհավորել են»:
Ի տարբերություն շատերի՝ Անուշիկը խորհրդանշական չի համարում հենց ծննդյան օրն իր առաջ նոր նպատակներ դնելը.
«Այդպիսի բնավորություն չունեմ, որ նպատակ դնեմ հենց այդ օրը, որովհետեւ ամեն օր կարող է որեւէ նպատակի իրագործման օր լինել: Այնպես որ, ծննդյան օրը երազանք կամ նպատակ պահելն ինձ բնորոշ չէ»:
Դերասանուհու մասնակցությամբ ամենաթարմ նախագծերից է «Փափուկ խաղալիք» սիթքոմը. ինչ վերաբերում է նոր առաջարկներին` Անուշիկը նշեց.
«Առաջարկները դեռ ոչ հստակ վիճակում են, դրա համար չեմ ցանկանում բարձրաձայնել դրանք, բայց երբ ամեն ինչ հստակեցվի, անպայման կտեղեկացնեմ այդ մասին»: