Բաքվում զոհվել է Եվրախաղերի բարձրաստիճան չինովնիկի որդին. «Ամերիկայի ձայն»
МЕЖДУНАРОДНОЕԲաքվում Հեյդար Ալիևի պողոտայում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարից զոհված երիտասարդը Եվրախաղերի օպերացիոն կոմիտեի (BEGOS) բարձրաստիճան չինովնիկի որդին է:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնել է «Ամերիկայի ձայն» ռադիոկայանը:
ՃՏՊ-ի մասին երեկ հայտնել էին նաև Ադրբեջանի բազմաթիվ ԶԼՄ-ներ` նշելով, որ Հեյդար Ալիևի պողոտայում բախվել են Ford Tranzit և Mercedes ավտոմեքենաներ, ինչի հետևանքով երեք մարդ զոհվել, երկուսն էլ վիրավորվել են: Սակայն, Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնել է այդ ՃՏՊ-ում երկու զոհվածների մասին:
«Ամերիկայի ձայն»-ը հայտնում է, որ զոհվածներից մեկը Մեծ Բրիտանիայի 23-ամյա քաղաքացի Մայքա Մաքսվելլ-Միլն է, ով Բաքվում Եվրոխաղերի օպերացիոն կոմիտեի-Opreation Committee of the first European Games բարձրաստիճան չինովնիկի որդին է:
«Ասոշիեյթեդ Պրեսս» գործակալությունը հայտնել է, որ Բաքվում հունիսի 23-ին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով զոհվել է Մեծ Բրիտանիայի քաղաքացի, ով աշխատում էր Եվրախաղերում:
Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան ներկայացուցիչ Գյունել Ահմեդովան գործակալության թղթակցին հեռախոսով հայտնել է, թե այդ երկրի քաղաքացին, որի անունը չի հիշատակվում, եղել է Խաղերի արարողությունների կազմակերպման մեջ զբաղված ընկերության աշխատակից: Եվս երկու բրիտանական քաղաքացի հոսպիտալացվել էին և ստացել հյուպատոսական օգնություն, հայտարարել էր բրիտանական դեսպանատան աշխատակցուհին:
Եվրախաղերի գլխավոր օպերացիոն տնօրեն Սայմոն Քլեգգը հաստատել է, որ կազմակերպիչներին «հայտնի է ՃՏՊ-ի մասին, որը տեղի է ունեցել երեքշաբթի», սակայն, ավելին չի մեկնաբանել՝ նշելով, որ «միջադեպի մանրամասները դեռևս պարզաբանվում են»:
Ավտովթարի հետևանքով վիրավորվել են Էստոնիայի մեկ, Նեպալի մեկ և Մեծ Բրիտանիայի երկու քաղաքացիներ: Միջադեպի հետ կապված որևէ պաշտոնական մեկնաբանություն չի հաղորդվել: Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի դեսպանությունում «Ամերիկայի ձայն»-ին հաստատել են երիտասարդի զոհվելու փաստը, հայտնել են ադրբեջանական ԶԼՄ-ները:



