«Աշխատանքներ են տարվում համայնքների հետ կոնֆլիկտների կանխարգելման նպատակով. ռուսաստանյան մամուլի էջերից
МЕЖДУНАРОДНОЕvm.ru -ն «Մոսկվան խնդրել է հայկական և ադրբեջանական համայնքներին խուսափել կոնֆլիկտներից» վերնագրով հոդվածում գրում է, որ Մոսկվայի իշխանությունները խնդրել են հայկական և ադրբեջանական համայնքներին խուսափել բախումային իրավիճակներից: Այդ մասին «Podyem» հրատարակությանը հայտնել է Մոսկվայի քաղաքապետարանի ներկայացուցիչ Ալեքսեյ Նեմերյուկը: Ըստ նրա, քաղաքապետարանը վերահսկում է իրավիճակը մայրաքաղաքում, և Մոսկվայի իշխանությունները Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հակամարտության սրման ֆոնին նախազգուշացրել են ադրբեջանական և հայկական կողմերին սադրանքների անթույլատրելիության մասին: «Ներկայումս իրականացվում է համացանցային տարածքի իրավիճակի մշտադիտարկում, և աշխատանքներ են տարվում համայնքների հետ կոնֆլիկտների կանխարգելման նպատակով», - ասել է Նեմերյուկը: Բացի դա, Մոսկվան իր մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում ընթացող մարտերի կապակցությամբ: Ավելացնենք, որ Կրեմլը իր հերթին Հայաստանին և Ադրբեջանին առաջարկել է մարտի դաշտից երկխոսությունը տեղափոխել քաղաքական և դիվանագիտական դաշտ:
Պատրաստեց Կամո Խաչիկյանը



