Հայերի դեմ բռնություն քարոզող ադրբեջանական ակումբի մամուլի քարտուղարը զրկվել է ֆուտբոլային որևէ գործունեությամբ զբաղվելու իրավունքից
Ադրբեջանական «Ղարաբաղ» ՖԱ մամուլի քարտուղար Նուրլան Իբրահիմովն ՈՒԵՖԱ-ի կողմից ժամանակավորապես զրկվել է ֆուտբոլային որևէ գործունեությամբ զբաղվելու իրավունքից: Հիշյալ անձը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել՝ նշելով, որ իրենք պետք է սպանեն բոլոր հայերին՝ կանանց, երեխաներին ու ծերերին, իսկ հետո հեռացրել գրառումը:
Ըստ մեր ունեցած տեղեկությունների, ՈՒԵՖԱ-ն նաև տուգանել է նշյալ ակումբին:
Հիշեցնենք, որ նախօրեին «Փաստ» թերթի հետ զրույցում Հայաստանում ՈՒԵՖԱ-ի ներկայացուցիչ Մհեր Խուդավերդյանն ասել էր. «Մեր ֆեդերացիան դիմել է ՈւԵՖԱ-ին «Ղարաբաղ» ակումբին ՈւԵՖԱ-ի «Եվրոպա լիգայի» մրցաշարից հեռացնելու համար։ Բոլորիս համար էլ հասկանալի է, որ ակումբի մամուլի բաժնի ղեկավարի հնչեցրած խոսքն իր պաշտոնական էջում` ակումբի խոսքն է։ Չեմ կարծում, որ ակումբին կհեռացնեն, սակայն խիստ նախազգուշացումներ, տուգանքներ կամ էլ այլ պատիժներ կլինեն, ակնկալվում է գոնե այդ աշխատակցի որակազրկում, ֆուտբոլային գործունեության կասեցում կամ արգելում»: