Հանոյի կաթոլիկ տաճարում մատուցվել է Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պատարագ
МЕЖДУНАРОДНОЕՀանոյի Սուրբ Ջոզեֆի կաթոլիկ տաճարում Վիետնամում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ դեկտեմբերի 9-ին մատուցվել է պատարագ` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, պատարագին մասնակցել են Վիետնամում ՀՀ դեսպան Ռաիսա Վարդանյանը, Հայ-վիետնամական բարեկամական խմբի ան դամներ, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, մտավորականներ, վիետնամցի և օտարերկրյա այցելուներ, լրագրողներ:
Հանոյի Արքեպիսկոպոս Զոզեֆ Նգո Քուանգ Կիետը ներկաներին ուղղված իր խոսքում ասել է, որ Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի և արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրը Վիետնամի կաթոլիկ եկեղեցին հայ ժողովրդի կողքին է:
Պատարագի ավարտին դեսպան Ռաիսա Վարդանյանը Հանոյի Արքեպիսկոպոսի հետ առանձնազրույցում ընդգծել է, որ քաղաքակիրթ մարդկությունը քաջ գիտակցում է խաղաղության արժեքը, սակայն դեռևս կան երկրներ, որոնք ոչ միայն չեն հասկանում խաղաղության խորհուրդը, այլ նաև շարունակում են սերմանել անհանդուրժողականություն և վարում են ժխտողական քաղաքականություն:
Ըստ դեսպան Վարդանյանի, հայ և վիետնամացի ժողովուրդներն իրենց համատեղ ջանքերը պետք է գործադրեն անարդարության դեմ պայքարում։ Հայ ժողովուրդն իր օրինակով ցույց է տվել ամբողջ աշխարհին, որ նույնիսկ հարյուր տարի անց կարելի է պայքարել և հասնել արդարության՝ ի հեճուկս բոլոր խոչընդոտների:



