Երբ տապալել ես նաև տնտեսական ողջ քաղաքականությունը, սակայն ամուր կառչած ես աթոռին․ «Փաստ»
ПОЛИТИКА«Փաստ» օրաթերթը գրում է
Պատերազմի ավարտից հետո Հայաստանի տնտեսությունը լուրջ խնդիրների առաջ է կանգնել։ Քիչ չէին անցած երկու տարում իշխանությունների տնտեսական ապաշնորհ քաղաքականության, ապա նաև կորոնավիրուսի հետևանքով տնտեսության կրած վնասները, դրան էլ գումարվում են պատերազմի արդյունքում մեր ունեցած ահռելի կորուստները և անորոշությունը։ Այսօր Հայաստանի բիզնես ոլորտը առկա անորոշության և անկայուն իրավիճակի արդյունքում ծանր իրադրության առաջ է կանգնած։ Իսկ որոշ տնտեսվարողների բնականոն գործունեության հետ կապված էլ ուղղակի նոր ռիսկեր են ստեղծվել։ Իսկ բիզնես միջավայրում առկա դժվարությունները, բնականաբար, իրենց հետ բերելու են հարկերի հավաքագրման կրճատումների և վարկերի մարման հետ կապված խնդիրների։
Նույնիսկ ԿԲ նախագահն է խոստովանում իրենց ունեցած մտավախությունների մասին, թե վարկերի մարման հետ կապված խնդիրներ կարող են առաջանալ, և չգործող վարկերը կարող են 6,7 տոկոսից հասնել 10 տոկոսի։ Սրան զուգահեռ ահռելի չափերով ավելանում է Հայաստանի պետական պարտքը, որի արդյունքում կանխատեսվում է, որ արդեն այս տարվա վերջին պետական պարտքը կհասնի 8 մլրդ 850 մլն դոլարի։ Այսպես պարտքի չափը ընդհուպ մոտենում է ՀՆԱ 70 տոկոսին։ Իսկ այսպիսի ահռելի չափերի պարտքի գումարի մարումը և սպասարկումը մեծ բեռ է առանց այն էլ վերանայված բյուջեի վրա։ Տնտեսության մեջ նկատվող բացասական դինամիկայի արդյունքում է, որ սպասվում է ավելի քան 7 տոկոս տնտեսական անկում։ Եթե տնտեսության մեջ նկատվող այսպիսի բացասական դինամիկան շարունակի պահպանվել, ապա ճգնաժամը հաջորդ տարի ևս կշարունակվի ու կխորանա։ Այս համատեքստում հատկապես մեծ ռիսկեր է ստեղծում ազգային արժույթի փոխարժեքի տատանումը։
Պատահական չէ, որ այսօր դրամն արժեզրկվում է՝ ենթարկվելով անկանոն տատանումների։ Մեծանում է նաև կապիտալի արտահոսքի վտանգը։ Իսկ տեղի ունեցող այսպիսի գործընթացները բերելու են բնակչության սոցիալ-տնտեսական վիճակի կտրուկ վատացման, որը անկայունության, սոցիալական լարվածության և նոր արտագաղթի հոսքի պատճառ կարող է դառնալ։ Իսկ սրանք Հայաստանի անվտանգությանը սպառնացող հարակից գործոններ են։ Սակայն տնտեսական հարցերի շուտափույթ կարգավորումը, կարծես թե, դուրս է մնացել Հայաստանի իշխանությունների ուշադրությունից, քանի որ նրանք ոչ միայն տապալել են տնտեսական ողջ քաղաքականությունը, այլև իրենց ողջ ուշադրությունը և ռեսուրսները կենտրոնացրել են միայն իրենց աթոռները պահպանելու խնդրի վրա։
Իշխանությունը պահելուց զատ մյուս խնդիրները երկրորդական կարևորություն են ձեռք բերել։ Այս իրավիճակում անիմաստ է խոսել նաև դեպի Հայաստան ներդրումների հոսք ապահովելու մասին, քանի որ ոչ մի լուրջ ներդրող չի կարող հույսեր կապել այս իշխանությունների հետ։ Մանավանդ որ ռուսաստանաբնակ հայ խոշոր գործարարները, որոնք տարիներ շարունակ մեծ ներդրումներ են կատարել Հայաստանի տնտեսության մեջ, կառավարության հրաժարականն են պահանջում։ Տնտեսական ոլորտում արմատական փոփոխություններ են անհրաժեշտ, սակայն այսօր Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունը չունի այն հանրային վստահությունը, որպեսզի այդպիսի քայլերի գնա։ Ուստի նոր կառավարության ձևավորման հարցն առավել հրատապ խնդիր է դառնում։ Տնտեսական հրդեհի մարումը պահանջում է օր առաջ տնտեսական բլոկի հիմնական պատասխանատուների փոփոխություն և տնտեսական անկումը կանխելու ուղղությամբ ակտիվ քայլերի ձեռնարկում։
Արտակ Գալստյան
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում