«Դեկտեմբերի 31-ն ինձ համար ուղղակի ամսաթիվ է եղել». Հասմիկ Խոջյանը՝ Ամանորի փոխարեն Սուրբ Ծնունդը նշելու և իրենց ընտանիքի հավատի մասին
ЛАЙФՀայ առաքելական եկեղեցին այսօր տոնում է Քրիստոսի Սուրբ Ծնունդը: Ինչպես շատ ընտանիքներ, դերասանուհի Հասմիկ Խոջյանի ընտանիքը ևս Ամանորն այս տարի չի տոնել: Tert.am Life-ի հետ զրույցում Հասմիկն ասաց, որ տոնի զգացում չի ունեցել, բայց փոխարենը տոնել է Սուրբ Ծնունդը:
«Ամանորն ինձ համար եղել է և կմնա ընտանեկան տոն: Որտեղ էլ լինեմ, սիրում եմ տարին ընտանիքիս անդամների հետ դիմավորել: Այս տարի, ինչպես շատերը, մենք էլ Ամանորը չենք նշել՝ չնայած այս օրերին այնպիսի եռուզեռ էր, որ մի փոքր կասկածում եմ՝ մարդիկ նշե՞լ են, թե՞ ոչ: Ամեն դեպքում, մեր ընտանիքում ամեն տարի եղած պատրաստությունը չկար: Ամանորն ինձ համար հեքիաթային տոն է եղել, սիրում եմ տունը գեղեցիկ զարդարել, բայց այս տարի տրամադրություն չեմ ունեցել, dեկտեմբերի 31-ն ինձ համար ուղղակի ամսաթիվ է եղել» ,- ասաց նա:
Ամանորի փոխարեն դերասանուհին տոնել է Սուրբ Ծնունդը: Հասմիկի խոսքով՝ իրենց ընտանիքում բոլորը մեծ հավատ ունեն:
«Թե՛ ես, թե՛ ընտանիքիս անդամները հավատով լեցուն, աստվածավախ մարդիկ ենք ու ամեն տարի նշում ենք Սուրբ Ծնունդը, հունվարի 5-ի երեկոյան էլ եկեղեցի ենք գնում՝ ճրագ բերելու, որ տունը լույսով լցվի: Ի դեպ, անցած տարի հենց Էջմիածնի եկեղեցիներից մեկն էի գնացել, ճրագը մեծ խորհուրդ ունի: Աստվածաշնչում գրված է, որ ճրագը չեն վառում կաթսայի տակ դնելու համար, այլ որ դնեն աշտարակի վրա՝ բոլորին լույս տալու համար: Սրանք հենց Քրիստոսի խոսքերն են,- ասաց նա և հավելեց, որ եկեղեցուց ճրագը բերելուց հետո ընտանիքով նստում են տոնական սեղանի շուրջ,- Հետո բոլորով ընթրում ենք ու շնորհավորում միմյանց՝ չնայած պետք է ասեմ, որ սեղանը կարևոր չէ, դա կարող է նաև չլինել, երբ ճրագը տուն ենք բերում, արդեն նշանակում է, որ տոնում ենք»:
Խոսելով տոնի խորհրդի մասին՝ դերասանուհին նկատեց, որ Աստծո միածին Որդու ծննդով մենք բոլորս ազատվում ենք մեղքի ստրկությունից: «Քրիստոսի ծննդից հետո մենք ճանաչեցինք Տիրոջ որդուն մարդկային կերպարանքով: Պետք է հավատը շատ լինի, ամբողջ կյանքում մեր մտքում պետք է ունենաք տոնի խորհուրդը: Մենք մենակ չենք, Աստված իր միակ որդուն չխնայեց մարդկանց համար և ուղարկեց՝ մեր մեղքերը մաքրելու: Նույնիսկ այսքան տարի անց Քրիստոսի Ծնունդը մեզ ուժ է տալիս: Բոլորս պետք է հավատանք, որ Աստված մեզ հետ է: Քրիստոս ծնվեց, որ հավատացողների հավատն ավելանա, իսկ անհավատները սկսեն հավատալ ու փրկություն գտնեն»,- ընդգծեց նա:
Հասմիկը նաև նշեց, որ Աստծո ներկայությունը զգում է ամեն վայրկյան: «Ինձ համար Աստված երկնքում չէ, այլ իմ ներսում, միշտ էլ զագցել եմ նրա ներկայությունը: Ամեն քայլ անելիս, խոչընդոտ հանդիպելիս, նույնիսկ երջանիկ պահերին մարդը պետք է Աստծով շարժվի, ոգեշնչվի նրանից, հույս վերցնի, իսկ ամենահաճախը պետք է լինի շնորհակալություն հայտնելը՝ ապրելու, լինելու համար: Մենք պետք է հավատանք ամբողջ սրտով, մտքով, հոգով: Աստված միշտ մեր սրտում է, գուցե մեր սրտի մի մասնիկն է կամ ամբողջ սիրտը: Այլ հարց է՝ ով որքանո՞վ է պատրաստ դա ընդունել» ,-եզրափակեց նա: