«Ինձ երջանիկ մարդ եմ համարում». Նելլին՝ 35-ամյակի, այն նշելու որոշման և երազանքների մասին
ЛАЙФԵրգչուհի Նելլին այսօր նշում է 35-ամյակը: Tert.am Life-ի հետ զրույցում նա ասաց, որ ամեն տարի ամուսինն ու երեխաները կեսգիշերին տորթով, նվերներով շնորհավորում են իրեն:
«Այս տարին բացառություն չէր: Երեխաներս իրենց ձեռքի աշխատանքները նվիրեցին, ինչն ամենաթանկ նվերն է ինձ համար: Հետո ծնողներս, քույրիկներս շնորհավորեցին: Դա վերաբերմունք է, որի կարիքը ես շատ ունեմ և շատ եմ սիրում: Երբեք չեմ մոռանում իմ անձի նկատմամբ ցուցաբերված վերաբերմունքը: Ինձ երջանիկ մարդ եմ համարում, որովհետև երազանքներս տարվա ընթացքում կատարվող ցանկություններ են դառնում»,- ասաց նա:
Նելլի խոսքով՝ այսօրվա առավոտը տարբերվում էր, որովհետև դարձել է 35 տարեկան: «Կարծում եմ, որ այն կնոջ համար բավականին հասուն տարիք է: Արթնանալիս մի պահ ինքս իմ մեջ ուզում էի հասկանալ՝ ի՞նչ եմ արել այս տարիների ընթացքում: Ինձ համար կարևոր է ոչ թե ինչ են արել ինձ համար, այլ ինչ եմ արել ես, որովհետև ես ավելի շատ սիրում եմ տալ, քան ստանալ: Այս առումով գտա գծեր, որից հետո հասկացա՝ իզուր չեմ ապրել: Այս տարիների ընթացքում մասնագիտական հաջողություններ եմ ունեցել, դեռ 20 տարեկանս չէր լրացել, երբ «Հայեր» խմբի կազմում ճանաչվեցի տարվա լավագույն սոլիստ, հետո հեռուստատեսությունում գտա ինձ, շատ այլ բաներ, բայց իմ ամենամեծ ձեռքբերումս իմ ընտանիքն եմ համարում» ,- նշեց նա:
Ըստ երգչուհու՝ տարիքն իրեն չի վախեցնում, որովհետև իրեն 35 տարեկան չի զգում: «Ինձ 25 տարեկան եմ զգում: Նույնիսկ այս տարի ցանկանում էի թինեյջերական փարթի կազմակերպել, որովհետև շատ են ասում՝ կարծես երեխա լինես: Հետո հասկացա, որ ավելի լավ կլինի՝ կնոջ փարթի կազմակերպել: Անկեղծ ասած, վերջին իրադարձություններից հետո չէի ցանկանում ընդհանրապես նշել: Քանի որ տարին փոխվել է, որոշեցի թեկուզ թեթև, բայց ինձ հարազատ ընկերուհիների շրջանակում նշել ռեստորաններից մեկում: Հուսամ՝ մի փոքր ուրախ օր կանցկացնենք: Հյուրերի թվում կան մարդիկ, որոնց մոտ մեկ տարի չեմ տեսել, հասարակ մարդկային շփումը վերջին մեկ տարվա ընթացքում պակասել է» ,- նշեց նա:
Քանի որ ծնվել է տարվա սկզբին, այս օրերը Նելլիի համար տարվա ծրագրերը կազմելու ժամանակահատված են: «Ամեն տարի իմ առջև նպատակներ եմ դնում, որոնք, փառք Աստծո, կատարվում են: Ժամանակի սղությունն իմ կյանքում ամենացավալի կետն է, որովհետև բարդ է հասցնելը, բայց կարողանում եմ համատեղել ընտանիքն ու գործերը: Երեխաներիս խնամքի հարցում մայրս օգնում է, որովհետև այն տարիքում են, որ խնամողի հետ չեն կարող մնալ,- ասաց նա և հավելեց, որ անցած տարին հիվանդություն, պատերազմ տվեց, մարդկանց խլեց, այս տարի միայն առողջություն և խաղաղություն է ցանկանում,- Այդքան վատ տարի երբեք չէի ապրել, Աստված տա այլևս չապրեմ: Երեխաներին միշտ ասում եմ, որ հիշեն, երբ տատիկները խաղաղություն և առողջություն էին մաղթում, որովհետև գալիս է մի պահ, երբ հասկանում ես՝ գրիպից կարող ես կորցնել հարազատներիդ»: