Արամեի նոր տեսահոլովակն ու պատերազմի մասին զուգերգը կնոջ՝ Աննա Թովմասյանի հետ
ЛАЙФԵրգիչ Արամեն, ով այժմ ապրում է Ռուսաստանի Դաշնությունում, երկրպագուների համար նորություններ ունի: Շուտով նա նոր տեսահոլովակ կներկայացնի, բացի այդ, զուգերգ է սպասվում կնոջ` Աննա Թովմասյանի հետ։
Tert.am Life-ի հետ զրույցում նրա պրոդյուսեր Սյոմա Կոդաբաշյանն ասաց, որ նոր՝ «Երազանքս կատարվել է» երգը սիրո մասին է:
«Երգի երաժշտության և խոսքերի հեղինակը Սոս Թադևոսյանն է, ում հետ Արամեն առաջին անգամ է համագործակցում: Երգից մի փոքր հատված տարածվել էր համացանցում, շատ լավ արձագանքի էր արժանացել: Գործիքավորման հեղինակը Նարեկ Գեղամյանն է, ում հետ ևս առաջին անգամ ենք համագործակցում։ Արամեն սիրում է նորություններ և վստահում է նոր մարդկանց՝ հետևելով ամբողջ գործընթացին» ,- ասաց նա:
Սյոման նկատեց, որ տեսահոլավակներում Արամեն հիմնականում ներկայանում է և՛ որպես երգիչ, և՛ դերասան, այլ դերասաններ չեն լինում, որովհետև իր խաղալու պոտենցիալը բավարարում է ռեժիսորներին, սակայն այս անգամ այլ մոտեցում են ցուցաբերել։
«Ուղղակի այս անգամ մեծ տեսահոլովակ չենք նկարահանել: Երգը ժամանակային առումով ավելի երկար պատմություն ունի, քանի որ պատրաստ էր արդեն հոկտեմբերի սկզբին: Պատերազմական իրավիճակով պայմանավորված հոլովակի պատրաստման աշխատանքները հետաձգեցինք։ Ռեժիսորը ես եմ, հոլովակը բաղկացած է տարբեր հարսանիքների իրական կադրերից, որոնք նկարահանել էինք մեկ այլ նախագծի համար: Հոլովակում կան կադրեր նաև Արամեի հարսանիքից» ,- պատմեց նա:
Պրոդյուսերն ընդգծեց, որ ևս մի քանի նոր աշխատանքներ են սպասվում, որոնք հետաձգվել են:
«Կա մի քանի երգ, որոնց նկարահանումները կրկին հետաձգվել են, պետք է նկարահանենք, երբ Արամեն համեմատաբար երկար ժամանակով Հայաստանում կլինի: Ամեն ինչ եղանակի և ժամանակի հետ է կապված,- ասաց նա, ապա ևս մի անգամ շեշտեց,- Արամեն Ռուսաստանում մշտական բնակություն չի հաստատել, փաստաթղթային հարցերի հետ կապված այս պահին ընտանիքի հետ այնտեղ է, բայց երբ օրերը տաքանան, հետ կգան»:
Սյոման նաև հայտնեց, որ Արամեն հանդես կգա զուգերգով կնոջ՝ Աննայի հետ: «Արամեն և Աննան նոր զուգերգ ունեն, որն արդեն ձայնագրել են: Երգը պատերազմի մասին է, մի փոքր այլ ձևաչափի է` բալլադային, բայց տեսահոլովակի հետ կապված դեռ մտորումների մեջ ենք: Մի պահ սկսեցինք նկարահանումների գործընթացը, հետո հասկացանք, որ մեզ այլ բան է անհրաժեշտ: Կարծում եմ՝ ապրիլին կանդրադառնանք նաև այդ երգին» ,- եզրափակեց նա: