«Ես երբեք պատերազմի մասին չեմ գրի, իմ պոեմում քաղաքականություն չի լինի». Լիլի Էլբակյան
ЛАЙФԴերասանուհի Լիլի Էլբակյանն Ինստագրամի իր էջում գրառում է արել իր հույզերի, ապրումների մասին և նշել, որ պոեմ է գրելու:
«Իմ պոեմը կսկսեմ խաղաղությունից, ես երբեք պատերազմի մասին չեմ գրի, իմ երգած երգերը երբեք տխուր չեն լինի, նրանք կգովերգեն կյանքը, բնությունը, Աստծուն: Իմ պոեմում պարտվողներ և հաղթողներ չեն լինի, մարդիկ չեն բաժանվի սևերի և սպիտակների, իմ պոեմում երբեք կորուստներ չեն լինի: Եթե կորուստներ չլինեն, կվերանան գորշ ու մռայլ մարդիկ, հոգսաշատ դեմքերը, դրա փոխարեն բոլորը միշտ իրար կժպտան, իսկ երբ ցանկանան լաց լինել, դրանք կլինեն երջանկության արցունքներ: Իմ պոեմում բարի մարդիկ էլ չեն լինի, քանզի եթե կան բարիներ, ուրեմն՝ չարեր էլ կան: Թող այնտեղ մարդիկ լինեն խորագետ և իմաստուն և շատ սիրեն Աստծուն: Իմ պոեմում քաղաքականություն չի լինի, իսկ լուրերում կցուցադրեն թատերական տարբեր նորություններ: Ես իմ պոեմը, անպայման, կգրեմ, ինձ միայն պետք է բառեր հորինել, նոր բառեր: Օրինակ՝ «հույս» բառի նման բառեր:
Պատերազմ բառը կփոխարինեմ մեկ ուրիշ բառով:
Շատ ուզում եմ՝ այնտեղ լինեն տղա և աղջիկ ու սեր, խաղաղություն:
Ես իմ պոեմն, անպայման, կավարտեմ, միայն թե մաքուր թուղթ գտնեմ, ես իմ պոեմն, անպայման, կավարտեմ, որքան էլ դժվար լինի՝ կավարտեմ» ,- գրել է նա: