«Հիմա ավելի շատ չեմ ուզում երկրից գնալ». Անի Խաչիկյանը՝ իր ապրումների և «Հարս չկայի» նկարահանումների մասին
ЛАЙФ«Հարս չկա» սիթքոմի երկրորդ եթերաշրջանի նկարահանումները, որոնք դադարեցվել էին պատերազմական շրջանում, վերսկսվել են: Tert.am Life-ի հետ զրույցում սիթքոմում Բեթիին մարմնավորող դերասանուհի Անի Խաչիկյանն ասաց, որ պատերազմի մեկնարկից հետո առանց քննարկումների նկարահանումները դադարեցվեցին:
«Անկեղծ ասած, չէի մտածում, որ պատերազմից հետո նկարահանումները կվերսկսվեն, որովհետև ժանրը հումորային է, սովորական հեռուստասերիալ չէ, բայց հեռուստաընկերությունը որոշեց, որ նախագիծը կմնա: Առաջին եթերաշրջանի բոլոր կերպարների շարունակությունը կա, կան նաև նոր կերպարներ, զարգացումներ, կոնֆլիկտներ, իրավիճակներ, իմ կերպարի հետ կապված սցենարային կտրուկ փոփոխություններ չկան» ,- պատմեց նա:
Անիի խոսքով՝ ցանկացած տեսակի նկարահանումներին տրամադրվելն այս շրջանում բարդ էր, հումորային ձևաչափում ներկայանալը կրկնակի բարդ էր: «Ես դերասան եմ, եթե ուզում եմ այս ամենից հետո ինչ-որ ձևով օգտակար լինել, պետք է անեմ այն, ինչ կարողանում եմ, դա իմ մասնագիտական գործունեությունն է: Կյանքը պետք է շարունակել, աշխատանքին չվերադառնալու այլընտրանք չեմ տեսնում, ինչո՞ւ չվերադառնանք, այդ մտքի հակառակ կողմը չեմ հասկանում: Պետք է շարունակենք ապրել՝ վերանայելով անցյալը, դասեր քաղելով, սահմանելով նոր նպատակներ,- ասաց նա և հավելեց, որ ինչպես առաջ էր նպատակները կապում իր երկրի հետ, այնպես էլ հիմա,- հիմա ավելի մեծ եռանդով եմ դա պատկերացնում, ավելի շատ չեմ ուզում երկրից գնալ»:
Չնայած դրան՝ դերասանուհին նկատեց, որ իր համար նաև բարդ է համացանցում ինչ-որ բան հրապարակելը կամ տեսնելը՝ ինչպես են մյուսները համացանցային կյանք վերադարձել: «Այս իրավիճակի մեջ ապրելն արդեն իսկ բարդ է, իսկ նախկին արժեքաբանությանը վերադառնալը և՛ բարդ է, և՛ կոնֆլիկտային: Ես հասկանում եմ և՛ հանրությանը, և՛ իրենց էջերը վարող արտիստներին: Նորմալ արձագանք է, երբ իր տունը կորցրած մարդն արտիստին հարցնում է, թե ինչպե՞ս է նա իր կյանքով ապրում: Նաև նորմալ է, որ արտիստն ապրում է իր կյանքով: Այս ամենը բնական գործընթաց է, պետք է սովորենք ապրել այս նոր իրականության հետ» ,- ընդգծեց նա:
Անին նաև հայտնեց, որ բացի «Հարս չկա» սիթքոմն ունի նաև աշխատանքային այլ նորություններ: «Առաջիկայում կլինեն հետաքրքիր նախագծեր ներկայացումների և հաղորդումների տեսքով, բայց մանրամասներ ասել դեռ չեմ կարող: Թատրոնում երկու հետաքրքիր նախագծերի նախնական համաձայնություն կա»,- եզրափակեց նա: