«Ստեղծել եմ իմ բիզնեսը». Հասմիկ Խոջյանի ոճային ֆոտոշարքը և չնկարահանվելու պատճառը
ЛАЙФԴերասանուհի Հասմիկ Խոջյանն այս շրջանում չի նկարահանվում հեռուստանախագծերում, սակայն բավականին ակտիվ է սոցցանցերում: Նա ոճային նոր ֆոտոշարք ունի, որը տրամադրել է Tert.am Life-ին ու պատմել, որ այսպիսի լուսանկարներ ունենալու գաղափար վաղուց ուներ:
«Հագուստս և դետալները ինքնուրույն եմ ընտրել, այնուհետև քննարկել լուսանկարչի հետ: Կարողանում ենք միասին ճիշտ աշխատել, պահել ստեղծագործական ընթացքի բալանսը ու ստանալ այն, ինչն ի սկզբանե պլանավորել էինք. այս անգամ դիմահարդարումս և վարսահարդարումս էլ էի վստահել ինքս ինձ:) Ասում են՝ վատ չի ստացվում»,- պատմեց դերասանուհին:
Հասմիկն այս շրջանում չի նկարահանվում, ստեղծել է իր բիզնեսը, որի հետ կապված մեծ նպատակներ ունի: Ասում է՝ մանրակրկիտ աշխատանք է տանում, որը ժամանակատար, բայց շատ հաճելի գործընթաց է, քանի որ սիրով է անում:
Դերասանուհին բավականին շատ ժամանակ է հատկացնում Ինստագրամի իր էջին. «Մեծ պատասխանատվություն է ունենալ բազմահազարանոց լսարան, մարդիկ, ովքեր ամեն օր իրենց ժամանակից տրամադրում են ինձ հետևելու համար: Նրանց փորձում եմ ներկայացնել մաքսիմալ հետաքրքիր կոնտենտ թե՛ էջում փոստերի, թե՛ սթորիներում տարբեր ինտելեկտուալ խաղերի միջոցով»:
Անդրադառնալով չնկարահանվելու փաստին՝ Հասմիկը նկատեց, որ 3 տարի անընդմեջ եթերում լինելուց հետո մի քանի ամսվա դադարն անհրաժեշտություն էր:
«Հեռուստադիտողը պետք է կարոտի դերասանին և սպասի նրա նոր կերպարներին: Իսկ ես այս ընթացքում լցվել եմ նոր էներգիայով ու արդեն պատրաստ եմ նորից ներկայանալ հեռուստաէկրաններին: Այս ընթացքում շատ առաջարկներ եմ ունեցել, բայց դեռ սպասում եմ, հավատով սպասում եմ ու արդեն զգում եմ, որ շատ շուտով կլինի այն առաջարկը, որին մեծ սիրով կհամաձայնեմ ու կաշխատեմ տասնապատիկ ոգևորությամբ, լիքը նոր, թարմ ուժերով ու մեծ եռանդով, ինչը կգոհացնի թե՛ ինձ, թե՛ ստեղծագործական անձնակազմին, թե՛ հեռուստադիտողներին.,- ընդգծեց դերասանուհին:
Չնայած 2020-ին նախ կորոնավիրուսի, ապա պատերազմի արդյունքում ոլորտը բավականին պասիվացավ, Հասմիկի խոսքով, առաջարկներ ունեցել է, այլ հարց, որ որոշել է սպասել: Դերասանուհին նկատեց, որ հիմա վերականգման փուլ է. «Հայաստանում բոլոր ոլորտները շատ մեծ հարված ստացան, այնպես, ինչպես ցանկացած գիտակից հայ աշխարհի տարբեր անկյուններում: Վերականգնողական ընթացք է ամենուր և բոլորի մոտ: Փորձում ենք բուժվել, չնայած ցավը խորն է, իսկ սպին հավերժ կմնա»: