«Այդ հարցով երբեք ոչ ոքի չեմ դիմել». Նարինե Պետրոսյանի 2 դուստրը նկարահանվում են Հրաչ Քեշիշյանի նոր հեռուստադրամայում
ЛАЙФՀ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի դերասանուհի Նարինե Պետրոսյանն այս շրջանում պատրաստվում է թատերաշրջանի բացմանը: Tert.am Life-ի հետ զրույցում դերասանուհին ասաց, որ, բացի այդ, օգնում է դուստրերին՝ Աելիտային և Ադելին, ովքեր նկարահանվում են ռեժիսոր Հրաչ Քեշիշյանի նոր՝ «Երջանկության մեխանիկա» նախագծում:
«Հուսով եմ՝ փետրվարից, վերջապես, գործի կանցենք, թատրոնը կբացվի: Իհարկե, դահլիճը կիսով չափ լցված կլինի՝ համաճարակային պայմաններից ելնելով: Իմ կարիերայի ընթացքում նման երկար դադար չէի ունեցել: Հիմա ոչ միանշանակ զգացողություններ ունեմ, որովհետև հետպատերազմական տրամադրություններ են, կարոտ կա դեպի բեմը, չգիտեմ: Փորձում ենք վերականգնել այն ներկայացումները, որոնք երկար ժամանակ չենք խաղացել: Կա նաև նոր ներկայացում, բայց դեռ ավելի շատ աշխատում ենք ընթացիկ ներկայացումները վերականգնելու վրա» ,- ասաց նա:
Դերասանուհին հիշեց իր առաջին դերը, որը խաղացել է Երևանի թատրոնի և կինոյի ինստիտուտի երկրորդ կուրսում: ««Հայաստան և ճշմարտություն» ուսանողական ամփոփիչ ներկայացումն էինք խաղում, որը Գարեգին Նժդեհի գաղափարախոսությունների մասին էր, Արմեն Մազմանյանի կուրսում էինք: Ներկայացումն իր մեջ երեխաներին հայկական գաղափարներով կրթելու իմաստ ուներ ու հետք թողեց իմ ամբողջ կյանքի համար: Բեմում փշալարեր կային, մթության մեջ բեմը ձևափոխում էինք ու այնպես ստացվեց, որ ընկա ու դեմքս բավականին վնասվեց փշալարերի պատճառով: Հետքերի մեծ մասն անցան, բայց շրթունքիս շրջանում մեկը մնացել է, որ առաջին ներկայացումս միշտ հիշեմ, խորհրդանշանական է»,- ընդգծեց նա:
Նարինեի դուստրերը ՝ 10-ամյա Աելիտան և 5-ամյա Ադելը, այս շրջանում նկարահանվում են Հրաչ Քեշիշյանի նոր՝ «Երջանկության մեխանիկա» հեռուստադրամայում: Նարինեի խոսքով՝ առաջարկն իր համար անսպասելի է եղել:
«Չգիտեմ՝ հետագայում ինչ մասնագիտություն կընտրեն աղջիկներս, բայց այս նախագիծն իրենց համար հետաքրքիր հետք կլինի: Մեծ դուստրս՝ Անին, չի նկարահանվում, որովհետև տարիքային սանդղակին փոքր դուստրերս էին համապատասխանում: Չէի սպասում, որ նման առաջարկ կլինի, որովհետև այդ հարցով երբեք ոչ ոքի չեմ դիմել: Քանի որ այնպիսի շրջան էր, որ երեխաների դասերն օնլայն էին, ռեժիսորն էլ Հրաչ Քեշիշյանն էր՝ ինձ համար վստահելի և հարգելի կոլեգա, սիրով համաձայնեցի,- ասաց նա և հավելեց, որ երեխաների արձագանքը շատ հետաքրքիր էր, շատ ուրախ էին,- Հրաչ Քեշիշյանի նախորդ նախագծերից մեկում ես մոր դերում էի, երբ սերիալում գրկում էի տղայիս, փոքր դուստրս՝ Ադելը, ասում էր, որ ինքն է իմ դուստրը, ինչո՞ւ եմ ուրիշ բալիկի սիրում: Հիմա էլ իրենք ուրիշ մայրիկ ունեն»:
Հարցին, թե ինչպե՞ս է ամուսինը՝ Վահագնը, արձագանքել առաջարկին, դերասանուհին պատասխանեց. «Իմանալով, թե նկարահանումներն ինչքան ծանր են լինում, ամուսինս խնդրեց, որ երեխաներին շատ չտանջենք: Նկարահանումների ընթացքը, իսկապես, հոգնեցուցիչ է, երբեմն, պրոֆեսիոնալ դերասանուհիներն էլ են հոգնում: Երեխաներիս ցանկությամբ նկարահանումների ամբողջ ընթացքում իրենց կողքին եմ»: