«Դերասանի դեպքում տաղանդից բացի աշխատում է նաև բախտի գործոնը». Լիլիթ Սարգսյանը՝ 1-ին կուրսից սերիալներում նկարահանվելու և ստացած բացասական նամակների մասին
ЛАЙФԵրիտասարդ դերասանուհի Լիլիթ Սարգսյանն այս շրջանում նկարահանվում է ATV հեռուստաընկերության «Ախթամար» սերիալում: Tert.am Life-ի հետ զրույցում դերասանուհին պատմել է իր զբաղվածության, բացասական կերպարի, համալսարանի և թատրոնում առաջին լուրջ դերի մասին:
Ըստ Լիլիթի՝ այս շրջանում իր զբաղվածությունը մեծ է. «Սովորում եմ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դերասանական արվեստ ֆակուլտետի 3-րդ կուրսում, զուգահեռ նկարահանվում եմ սերիալում, աշխատում թատրոնում, բայց ես սիրում եմ տեմպի մեջ լինել։ Սկսել եմ նկարահանվել առաջին կուրսից։ Իմ առաջին նախագիծը Ելենա Արշակյանի «Պատվից առավել» հեռուստասերիալն էր, որտեղ խաղում էի Եվայի կերպարը, դերը բացասական էր։ Միշտ մտածել եմ, որ այս մասնագիտության մեջ տաղանդից բացի աշխատում է նաև բախտի գործոնը։ Ինձ նկատեցին, ու ես հայտնվեցի ասպարեզում»:
Լիլիթի խոսքով՝ առաջին կուրսում նկարահանվելը հեշտ չի տրվել, եղել են շատ բարդություններ։ «Նախ՝ չէի հասցրել յուրացնել մասնագիտական շատ նրբություններ, միանգամից մտա նկարահանման հրապարակ, խաղում էի պրոֆեսիոնալ դերասանական կազմի հետ ու հայտնվել էի տեսախցիկի առջև։ Տեսախցիկն այդ շրջանում իմ մեծագույն թշնամին էր, որովհետև ինքն ինձ էր նայում, ես՝ իրեն։ Սակայն նկարահանող անձնակազմի ու դերասանների օգնությամբ այս ամենը շատ կարճ ժամանակում շտկվեց։ Նկարահանումները դասերի հետ համատեղելը ևս շատ բարդ է։ Առավել բարդ է լինում, երբ քեզ ասպարեզ բերած մարդը չի գիտակցում, որ դու ուսանող ես, բայց ես այդ խնդրի առջև չկանգնեցի, որովհետև մեր թիմն աշխատում էր փոխհամաձայնությամբ»,- նշեց նա։
Հարցին, թե առաջին կուրսից հեռուստասերիալներում նկարահանվելը համալսարանում խնդիրներ չի՞ ստեղծել, Լիլիթը պատասխանեց. «Եթե լիներ, միգուցե չնկարահանվեի։ Միակ մտավախությունն այն էր, որ դասերից չբացակայեմ, դա էլ փորձել եմ մաքսիմալ համատեղել»։
Լիլիթն անկեղծացավ, որ բացասական կերպարներ մարմնավորելը հեռուստադիտողի կողմից ոչ միանշանակ է ընդունվում: «Որքան էլ հանրության կարծիքը վատն է լինում իմ, այլ ոչ թե կերպարի մասին, միևնույն է, դա ոչինչ չի փոխում ինձ մոտ, շարունակում եմ սիրել կերտել բացասական կերպար։ Այո՛, ցավոք սրտի, կա մարդկանց գերակշիռ զանգված, որը կերպարին և դերասանին չի անջատում իրարից։ Պատահում է նույնիսկ, որ բացասական բնույթի հաղորդագրություններ եմ ստանում հեռուստադիտողներից, բայց բացասական կերպարն ավելի գունեղ է, խաղարկային, հետաքրքիր։ Ինձ մոտ դերասանական առումով բարդություններն ավելի շատ առաջանում են դրական կերպար կերտելիս,- ասաց նա և հավելեց, որ դերասանուհուն ինքնավստահություն է պետք, բայց ոչ դատարկ ու փուչ ինքնավստահություն,- Պետք է ուղղակի իմանաս քո կարողությունները: Շատ կարևոր է, երբ մարդ գիտի՝ ի՞նչ կարող է և ի՞նչ՝ ոչ։ Դերասանուհին նաև պետք է կարողանա իրեն մատուցել ու երբեք չթերագնահատի իրեն։ Այս ամենն իմ փորձով եմ հասկացել»։
Լիլիթը նաև խաղում է Պատանի Հանդիսատեսի թատրոնում։ «Թատրոնում զբաղվածությունս դեռ այդքան էլ մեծ չէ, բայց փոքրիկ քայլերով փորձում եմ առաջ շարժվել։ Սկզբում «Ջրահարսը» ներկայացման մեջ ընդգրկվեցի, հիմա զբաղվածություն ունեմ նաև այլ ներկայացման մեջ, հունվարի 29-ին խաղալու եմ Մարիի կերպարը «Վերջին ուսուցիչը» ներկայացման մեջ։ Գիրքը վաղուց կարդացել եմ, գրքի էկրանավորումը նույնպես դիտել եմ, այնտեղ ընկերներիցս շատերն էին խաղում։ Իհարկե, սա ինձ համար փորձաշրջան է։ Թատրոնը և կինոն ահռելի տարբերություն ունեն։ Թատրոնում է երևում դերասա՞ն ես, թե՞ ոչ, որովհետև երբ վարագույրը բացվում է, դու մենակ ես մնում քո կարողությունների հետ»,- ասաց նա ու հավելեց, որ ունի նաև այլ նորություններ, որոնց մասին դեռ չի ուզում խոսել։