«19 տարեկանից մեքենա եմ վարում, հայրս է նվիրել». Անիտա Ավետիսյանը՝ հոր կողմից ֆինանսավորվելու և աստղային հիվանդությամբ չտառապելու մասին
ЛАЙФ«Սարի աղջիկ» հեռուստասերիալից լսարանին հայտնի դարձած երիտասարդ դերասանուհի Անիտա Ավետիսյանի համար նկարահանվելն առաջին աշխատանքը չի եղել:
Tert.am Life-ի հետ զրույցում Անիտան պատմել է առաջին աշխատանքի և աշխատավարձի, ծնողների ֆինանսական աջակցության, հայրիկի գնած մեքենայի և հայտնիություն ձեռք բերելուց հետո չփոխվելու մասին:
Անիտայի խոսքով՝ մինչև «Սարի աղջիկ» հեռուստասերիալը կարողանում էի վաստակել իր սեփական գումարը, քանի որ արվեստի դպրոց ունի:
«Դպրոցում երեխաները սովորում են նկարչություն, պար, երգ: Իմ առաջին աշխատավարձը հենց իմ արվեստի դպրոցում եմ վաստակել, 19 տարեկան էի, երբ ստացա 60.000 դրամ, հիմա նույնիսկ չեմ հիշում, թե ինչպես եմ ծախսել այդ գումարը: Երբ ինքդ ես գումար վաստակում, կլինի դա 10 դրամ, թե 60.000, քեզ գնահատված ես զգում, մեծ ուրախություն է: «Սարի աղջիկ» հեռուստասերիալում նկարահանվելուց հետո սկսեցի ավելի շատ գումար վաստակել, բայց այդ առումով ներքին փոփոխություններ չունեմ, ուղղակի հասունացել եմ աշխատանքային փորձի առումով»,- ասաց նա:
Երիտասարդ դերասանուհին ընդգծեց՝ դեռ փոքրուց ցանկացել է աշխատել: «6 տարեկան էի, երբ գնում էի ծնողներիս աշխատավայր, փորձում ինչ-որ բան անել: Աշխատանքը դեպի կայացում տանող ճանապարհ է, աշխատելով քեզ ինքնավստահ ես զգում, կարողանում ես ինչ-որ բան անել քույրիկիդ, դիմացինիդ կամ քեզ համար, ապացուցում ես ինքդ քեզ, որ ունակ ես անել տվյալ քայլը, իսկ երբ չես աշխատում, ձեռքերդ կապված են,- ասաց նա և հավելեց՝ աշխատավարձը ծախսում է գնումների վրա,- Կոնկրետ ինչ-որ բան նշել չեմ կարող, գնումներ եմ անում, բայց դրանք թանկ չեն լինում: Թանկ գնումները ծնողներս են անում՝ կախված նրանից, թե ես երբ եմ ցանկանում: Ինչ ցանկանում եմ, ծնողներս նվիրում են»:
Անիտան նկատեց, որ թեև ինքնուրույն է գումար վաստակում, բոլոր ծախսերն ինքնուրույն չի հոգում: «Ծնողներս շատ են օգնում, հայրիկս օգնում է տեսահոլովակներ նկարահանել, ամեն հարցում ֆինանսապես օգնում է ինձ: 19 տարեկանից մեքենա եմ վարում, որը հայրս է նվիրել: Միշտ ցանկացել եմ մեքենա ունենալ, տեսնում էի՝ աղջիկները վարում են, ասում էի՝ ես էլ եմ ուզում: Այնքան ասացի, մինչև հայրս նվիրեց, սկսեցի ես էլ վարել,– ասաց նա ու հավելեց, որ նվերն անակնկալ չէր։ –Մեքենայի մակնիշը ես չեմ ընտրել, հայրիկիս ընտրությունն է: Սկզբնական շրջանում վարելիս վախ ունեի, հետո անցավ, վարելն ինքնավստահություն է տալիս: Չնայած ծնողներս շատ են օգնում՝ ցանկանում եմ այնքան գումար վաստակել, որ բոլոր ծախսերս ինքնուրույն հոգամ, ինձ առանց աշխատանք չեմ պատկերացնում»:
Դերասանուհին շեշտեց, որ հայտնիությունն իր կյանքում առանձնակի փոփոխություններ չի բերել: «Երբ նոր էի նկարահանվում, մարդկանց կողմից նման լավ արձագանքի չէի սպասում, զարմանալի էր, որ առաջին կերպարս այդքան սիրվեց: Շատ մարդիկ մտածում են, որ եթե նկարահանվում ես, երգում ես, պետք է քիթդ բարձր պահես, բայց, կարծում եմ, համոզվել են, որ իմ դեպքում այդպես չէ: Աստղային հիվանդությամբ չեմ տառապում, նույնն եմ, ընդհակառակը՝ հիմա մարդկանց հետ ավելի ջերմ եմ շփվում: Նկարահանվելու սկզբնական շրջանում միայն մի փոփոխություն կար՝ մտածում էի առանց շպարի դուրս չգամ, որովհետև մարդիկ կճանաչեն ինձ: Հիմա այլ կերպ եմ մտածում, որքան հասարակ տեսնեն, այնքան կսիրեն: Անձնական կյանքում էլ մի փոքր փոփոխություն կա, երկրպագուներս շատացել են, ինչը, չեմ կարծում, առանձնահատուկ բան է, յուրաքանչյուր աղջկա մոտ էլ այդպես է»,- եզրափակեց Անիտան: