Ինչպես են անցնում «Ֆեյք պապա» նախագծի նկարահանումները և ինչ զարգացումներ են սպասվում
ЛАЙФՄկրտիչ Արզումանյանի, Արփի Գաբրիելյանի, Միհրան Ծառուկյանի և այլ դերասանների մասնակցությամբ «Ֆեյք մամա» նախագիծը մոտ 1 տարվա ընդմիջումից հետո վերադառնում է եթեր «Ֆեյք պապա» խորագրով, նոր կոնֆլիկտներով և զարգացումներով։
Այս օրերին ընթանում են նախագծի նկարահանումները։ Tert.am Life–ը ներկա է եղել նկարահանումներին և իր ընթերցողներին ներկայացնում է բեքսթեյջ լուսանկարներն ու նոր եթերաշրջանի մանրամասները։
Նախագիծն ի սկզբանե նախատեսված էր 1 եթերաշրջանի համար։ Թե ինչու «Ֆեյք մամա»–ն վերադարձավ որպես «Ֆեյք պապա», սիթքոմի ռեժիսոր Հարություն Խալաֆյանը պարզաբանեց․ «Քանի որ «Ֆեյք մամա»–ի վարկանիշը բավականին բարձր էր, նախագծում նկարահանվում էին լսարանի սերը վայելող դերասաններ, որոշում կայացվեց հետաքրքիր շարունակություն մտածել նույն կազմի համար։ Սցենարիստը հետաքրքիր շունչ է հաղորդել․ ավելի հետաքրքիր սյուժետային կոնցեպտով, դերասանական թարմացված կազմով վերադառնում ենք»։
Թե ինչպես է Մկոյի կերպարը դառնում «ֆեյք պապա» իր տան մեջ, հեղինակները չեն բացահայտում, որպեսզի հեռուստադիտողները հետաքրքրությամբ բացահայտեն քայլերի հաջորդականությունը։ Հարությունը միայն բացահայտեց, որ Միհրանի և Արփիի հերոսները հայտնվել են աղքատության եզրին, հիմա բոլորն ապրում են մի տան մեջ, միմյանց հետ ունեն տարբեր տեսակի խնդիրներ։
Ռեժիսորը հայտնեց, որ գրեթե ամեն սերիայում հանդես են գալիս նոր դերասաններ։ Ինչ վերաբերում է դերասանական հիմնական կազմին, Հարությունը շեշտեց, որ չնայած 1 տարվա դադարին՝ դերակատարները հեշտությամբ վերադարձան իրենց կերպարներին։ Քանի որ յուրաքանչյուրը գտել էր իր կերպարը, հիմա աշխատանքը բավականին հեշտացել է։
«Մոտ 1 տարի անցել է, սակայն դերասանների մոտ պահպանվել էր կերպարի մկանային հիշողությունը։ Դա ամենակարևոր գործոններից մեկն էր։ Մեզնից շատ ջանք չպահանջվեց կերպարները նորից բացելու համար»,– ասաց նա։
Այս անգամ ռեժիսորը չի բացահայտում՝ նախագիծը 1 եթերաշրջա՞ն կտևի, թե շարունակական կլինի․ «Թող լսարանը վերջում հասկանա՝ շարունակության տեղ թողնո՞ւմ ենք, թե՞ ոչ։ Առայժմ դա գաղտնի կպահենք»։