Կտրուկ շրջադարձ և նոր զարգացումներ. «Երկուսով» սերիալի նկարահանումների վերսկսվելուց հետո դերասանական կազմում կա 1 փոփոխություն
ЛАЙФՎերսկսվել են «Երկուսով» հեռուստասերիալի 3-րդ եթերաշրջանի նկարահանումները: Tert.am Life-ի հետ զրույցում հեռուստասերիալի սցենարիստ Անի Մաղաքյանը խոսել է սցենարի, սպասվող զարգացումների և դերասանական կազմում փոփոխության մասին:
Եթերի հստակ ամսաթիվը Անին չգիտի, բայց ասաց, որ հեռարձակումը կսկսվի այս ամիս: «Այս եթերաշրջանում պատմությունը գնում է դեպի ավարտ, ևս մեկ էտապային փոփոխություն չի լինի: Նկարահանումները շատ ձգձգվեցին կապված ստեղծագործական և տեխնիկական խնդիրների հետ: Սկզբում կորոնավիրուսը, հետո՝ պատերազմն ազդեցություն ունեցան բոլորիս հոգեբանության և աշխատունակության վրա: Կային նաև տեխնիկական խնդիրներ, որոնց մասին չեմ կարող խոսել: Խնդիրները շատ էին, բայց մեր թիմը հավաքվեց և սկսեց հաղթահարել դրանք, որոշվեց, որ սերիալը պետք է ունենա շարունակություն և գեղեցիկ ավարտ: Թեև երկար դադարից հետո կրկնակի բարդ է նույն նյութին վերադառնալը, բայց թիմը որոշեց, որ կարող ենք և կարողացանք»,- ասաց նա:
Սցենարիստն ընդգծեց, որ վերջին 6 տարվա ընթացքում այսքան մեծ դադար չէր ունեցել: «Սկզբում շատ բարդ էր, օրգանիզմս և միտքս չէին հարմարվում, որ դադարի մեջ եմ: Հետո եկավ հանգստանալու փուլը, որն ինձ օգնեց, որպեսզի այսօր ավելի լավ սկսեմ գրել: Որքան էլ կողքից թվա՝ որպես սցենարիստ բարդ է երկար դադարից հետո նույն նյութին վերադառնալը, իմ ստեղծած հերոսների ճակատագիրը կիսատ թողնելն ավելի բարդ կլիներ: Հիմա, երբ շարունակում ենք, տպավորություն է, որ հերոսները չեն մեռնում իմ մեջ, և դա թեթևություն է բերում»,- նշեց նա:
Ըստ Անիի՝ դադարի ընթացքում սցենարը գրում էր, որովհետև վստահ էր՝ նախագիծն անավարտ չի մնալու․ «Ես էլ չգիտեի՝ դադարը որքան կտևի։ Քանի որ երկար տևեց, տիպված եղա արդեն գրված սցենարում փոփոխություններ անել: Երկրորդ եթերաշրջանի վերջին սերիայի ավարտից չենք սկսելու: Իհարկե, իրադարձությունները կունենան տրամաբանական շարունակություն, բայց սա նոր եթերաշրջան է, նոր սերիաներ, եթեր ենք վերադառնալու թարմ ինֆորմացիայով: Սերիալը դիտելիս հեռուստադիտողը կհասկանա, որ աշխատանք է տարվել և ավելի մեծ հետաքրքրությամբ կհետևի իր սիրելի հերոսների պատմություններին: Նոր զարգացումներ, անսպասելի իրավիճակներ են լինելու, որոնց հետևելը, վստահ եմ, հաճելի է լինելու, որովհետև սցենարը գրելիս հաշվի եմ առնում հեռուստադիտողի սպասումներն ու տրամադրվածությունը: Սերիալի ավարտին մոտ սերիաներում կլինեն կտրուկ շրջադարձեր»:
Հեռուստասերիալի դերասանական կազմից շատերն արդեն զբաղվածություն ունեն այլ նախագծերում: Անիից հետաքրքրվեցինք՝ դերասանական կազմում փոփոխություններ սպասվո՞ւմ են:
«Դերասանական կազմում կա միայն մեկ փոփոխություն: Դերասանուհի Գայանե Ավետիսյանը, ով մարմնավորում էր Աննային, այս շրջանում Հայաստանում չէ: Նրան կփոխարինի դերասանուհի Անուշիկ Առաքելյանը: Որքան էլ դերասաններից շատերն արդեն զբաղվածություն ունեն այլ նախագծերում, կգան և ավարտին կհասցնեն «Երկուսով»-ը: Դերասանական կազմում այլ փոփոխություն չի արվել»,- եզրափակեց սցենարիստը: