«Հ3»-ի եթերում մեկնարկում է Music Star նախագիծը
ЛАЙФ«Հ3» հեռուստաընկերության եթերում այսօր մեկնարկում է նոր երաժշտական ծրագիր՝ Music Star-ը: Past.am-ը զրուցեց նախագծի հաղորդավար Արամ Ավետիսյանի հետ, ով հեռուստատեսության ոլորտում իր առաջին քայլերն է անում:
-Մի փոքր պատմիր նոր նախածի մասին: Ի՞նչ է իրենից ներկայացնում Music Star-ը:
-Մենք անդրադառնալու ենք երգիչներին ու երգչուհիներին, որոնք ունեն մեծ լսարան: Ամեն շաբաթ առանձին կխոսենք նրանց մասին, կառաջադրենք տեսահոլովականեր, հետո հեռուստադիտողը կորոշի նրանց հորիզոնակաները:
-Դա քո՞ գաղափարն է, թե՞ առաջարկեցին հեռուստաընկերությունում:
-Ես ինքս ունեի այլ հաղորդման նախագիծ, որը նույնպես երաժշտական է: Դիմեցի «Հ3» հեռուստաընկերության տնօրինությանը: Հուսով եմ՝ դա ևս մոտ ժամանակներում կիրականացնեմ: Իրենք ինձ առաջարկեցին, որպեսզի վարեմ այս հաղորդումը:
-Ինչպե՞ս հայտնվեցիր հեռուստատեսությունում:
-Նախնական նկարահանվեցի, հետո զանգեցին ու ասացին, որ ընտրում են ինձ:
- Ի՞նչ զգացողություններ ունես նախքան հաղորդավարի կարգավիճակում ներկայանալը:
-Ես մասնագիտությամբ դերասան եմ, հաղորդավարությունն իմ 2-րդ մասնագիտությունն է լինելու: Իհարկե, մի փոքր վախ կա՝ կստացվի՞, թե՞ ոչ, կամ արդյոք կհավանե՞ն ինձ այդ կարգավիճակում: Հուսով եմ՝ ամեն բան լավ կլինի:
-Ինչպե՞ս է կատարվելու երգիչների ընտրությունը, որոնց մասին լինելու է անդրադարձ: Դա քո՞ ճաշակով է լինելու:
- Ես եմ ընտրում երգիչներին ու երգչուհիներին, հետո խորհրդակցում խմբագրի հետ և պատրաստում սցենարը:
-Ինքդ ի՞նչ երաժշտություն ես լսում:
-Ես շատ եմ սիրում Ադելին, Ռիհաննային, Բեյոնսեին: Լսում եմ նաև հայկական երաժշտություն, սիրում եմ ժողովրդական երգերը ևս:
- Ըստ քեզ՝ նոր հաղորդման լսարանն ի՞նչ տարիքի է լինելու:
-Թեման այնպիսին է, որ կհետաքրքրի անգամ մեծերին: Կարծում եմ՝ 12-ից 25 տարեկանները կլինեն մեծամասնություն:
Լևոն Փանոսյան



