Հյուսիսային պողոտայում գումար հավաքելուց մինչև մեծ կոնֆլիկտ․ Անահիտ Կիրակոսյանն ու Ջեմմա Քարդաշյանի կերպարը՝ «Հարս և սկեսուր» հումորային նոր նախագծում
ЛАЙФԴերասանուհի Անահիտ Կիրակոսյանն ու տիկտոկեր Գոռ Հովհաննիսյանը, ով լսարանին հայտնի է Ջեմմա Քարդաշյան կեղծանվամբ և կերպարով, այսօրվանից ATV հեռուստաընկերության եթերում կլինեն «Հարս և սկեսուր» հումորային նոր հաղորդման շրջանակում։
Tert.am Life–ը ներկա է եղել նախագծի նկարահանումներին և իր ընթերցողներին է ներկայացնում առաջին լուսանկարներն ու մանրամասները։
«Հումորի լիգա» նախագծի հայտնի դարձած հումորային զույգը ներկայանում է խոհանոցային նախագծով։ Քանի որ հարևանի հարսից լավը չա, նա է ամեն անգամ որոշում, թե ինչ պետք է պատրաստի ընտանեկան այս զույգը։ Նրանցից մեկն ունենում է շատ գումար և քիչ ժամանակ, մյուսը՝ քիչ գումար և շատ ժամանակ։ Պատրաստում են նույն ուտեստը, վերջում ունենում են հայտնի հյուր, ով փորձում է ուտեստներն ու որոշում, թե ով էր ավելի համեղ պատրաստել։
Թեև Անահիտը, որպես հնազանդ հարս, մի շարք փորձությունների է ենթարկվում, այս պահին նկարահանված 4 թողարկման արդյունքներով նա ավելի համեղ է պատրաստում։
«Ես դեռ մի անգամ եմ հաղթել»,– տխուր ասաց Գոռը, ապա հավելեց, որ իրականում աշխատանքային պրոցեսն այնքան հաճելի է, որ մոռանում են հաղթելու մասին։
Անահիտն էլ հիշեց իր փորձությունները՝ է՛լ Հյուսիսային պողոտայում կիթառ նվագել և գումար հավաքել, է՛լ սկոտչով մի ձեռքին թավա, մյուսին՝ դանակ ամրացված ուտեստ պատրաստել։
«Ինձ անդադար դնում են փորձությունների մեջ, որոնցից պետք է դուրս գամ։ Սա դառնում է հաղորդում–մարտահրավեր, որի շրջանակում հարսն ու սկեսուրը միմյանց առջև դնում են խնդիր, թե ով է ավելի լավ պատրաստում։ Ես սա չէի անվանի խոհանոցային ծրագիր, ավելի շատ մինի սիթքոմ է, եթե սիրվեց, 2 հոգանոց սիթքոմ կդարձնենք, որը Հայաստանում չի եղել։ »,– ասաց Անահիտը։
Գոռն էլ նկատեց, որ խոհանոցային ծրագիր է, որը ներառում է ընտանեկան կոնֆլիկտներ՝ անդրադառնալով հավերժական հարս–սկեսուր թեմային․ «Իրականում շատ դրվագներ մեր իրականությունից են։ Ինքս գիտեմ ընտանիքներ, որտեղ սկեսուրը սառնարանը կողպում է, որպեսզի հարսը չօգտվի»։
Ջեմմա Քարդաշյանի կերպարի ու Անահիտի առաջին համագործակցությունը լայն արձագանք էր ստացել «Հումորի լիգա»–ի ժամանակ։ Նախագծի պրոդյուսեր և սցենարիստ Վահե Ղազարյանից հետաքրքրվեցինք, թե ինչպես «Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող նախագծի հերոսներն իրենց շարունակությունը գտան «ATV»-ում։
««Հումորի լիգան» ոչ թե «Շանթ» հեռուստաընկերության, այլ մեր փրոդաքշընի արտադրանքն էր։ Մենք ենք ստեղծել այդ կերպարները։ Հետագայում, երբ մտածում էինք նոր նախագիծ անելու մասին, մեր անցած ճանապարհը շատ լուրջ դեր խաղաց, հաշվի առանք այս կերպարների հաջողությունը և որոշեցինք հենց իրենց հետ նախագիծ անել»,– ասաց Վահեն ու հավելեց, որ սցենարը գրում են ինքն ու Ռաֆայել Ջալալյանը, դերասաններն իմպրովիզներ անում են, բայց դա լինում է ճիշտ տեղում։
«Կես բառից հասկանում ենք իրար և շատ հեշտ ենք աշխատում։ Իրենք գիտեն՝ մենք ինչ ենք ուզում ու շատ լավ հասականում են, երբ է պետք իմպրովիզ անել, երբ՝ ոչ»,– նկատեց Վահեն։
Անահիտն ուրախությամբ նշեց, որ իր և Գոռի հումորային համարը ճակատագրական դարձավ, Գոռն էլ նկատեց, որ 2 տարի է անցել, բայց մարդիկ դեռ հիշում են այդ համարը։ Նա շեշտեց, որ մոտ 10 տարի է՝ խաղում է այս կերպարը, այն փորձվել է КВН–ում։
«Աշխատանքային միջավայրն ինձ համար կարևորագույնն է, հակառակ դեպքում, ես երկար չեմ մնա այդ միջավայրում։ Գոռին շատ–շատ եմ սիրում և՛ աշխատանքի մեջ, և՛ աշխատանքից դուրս»,– ասաց Անահիտը։
Գոռն էլ հավելեց․ «Որքան էլ կերպարս վատն է, ես իրականում կոնֆլիկտային չեմ։ Մեր իրականությունը շատ տարբեր է եթերայինից։ Նույնիսկ կերպարի մեջ ինձ համար դժվար է Անահիտին վատ բաներ ասել, ամեն մեծ կոնֆլիկտի ժամանակ ասում եմ՝ կներես, Ան։ Առհասարակ, սիրում եմ, որ մարդիկ միշտ լինեն մեծարված»։