Գոռ Հակոբյանի և Արտյոմ Կարապետյանի նոր տեսահոլովակի հետաքրքիր դրվագներն ու հայտնի դերասանը
ЛАЙФTert.am Life–ն իր ընթերցողներին պատմել է, որ դերասան, երգիչ Գոռ Հակոբյանն ու դերասան Արտյոմ Կարապետյանը զուգերգ կներկայացնեն իրենց երկրպագուներին։ Օրերս նրանք նկարահանել են իրենց տեսահոլովակը, ինչին ներկա է եղել Tert.am Life–ը և ֆիքսել հետաքրքիր դրվագները։
Տեսահոլովակը տաղավարային է, որպես այդպիսին, սյուժե չունի, սակայն երկրպագուներն առանց հումորի մասնաբաժնի չեն մնա։ Տեսահոլովակում նկարահանվել է նաև դերասան Լևոն Հարությունյանը։ Երիտասարդ դերասանուհի Լիլիթ Բադանյանը ևս իր դերն ունի հոլովակում։
Ռեժիսորը Տիգրան Ավետիսյանն է, ում հետ Գոռը համագործակցության փորձ արդեն ունեցել է, ասում է՝ կես բառից հասկանում են իրար։
«Վառ գույներով սիրուն բան ենք նկարել, Լյովը մարմնավորում է այն մարդուն ում մասին, որ գրված է երգը: Երգը կոչվում է «Համոյա»։ Տեսահոլովակում նկարահանվել են նաև տարբեր դերասանուհիներ, որոնք առանձին կերպարներ են մարմնավորում, ամեն մեկը մի բան խաղում է՝ մեկը հարս, մյուսը «ոչ համեստ» աղջիկ և այլն»,– պատմեց Գոռը։
Հարցին, թե ինչու որոշեցին առանց սյուժեի տեսահոլովակ նկարահանել, երբ համախմբվել են հումորի դաշտի մարդիկ, Գոռն անկեղծ պատասխան տվեց՝ բյուջեի խնդիր կար։
«Քանի որ երգը հարսանիքի թեմայով է, սյուժեով տեսահոլովակ նկարահանելու դեպքում պետք է նկարահանեի ստանդարտ գյուղական հարսանիք, որը բոլորը նկարահանում են։ Ես դա չէի ուզում, իսկ իմ ուզած հարսանիքը նկարահանելու համար բավականին մեծ բյուջե էր պետք, որը չստացանք հովանավորչական կողմից,– ասաց Գոռն ու հավելեց,– Տաղավարում էլ ենք կարողացել հումորային դրվագներ ստանալ։ Եթե մի տեղ կանք ես, Տյոմը, Լյովը, չի կարող հումոր չլինել։ Շեշտը հումորային պարի և երգի վրա է»։
Միաժամանակ դերասանը նկատեց, որ երգն այնքան լավն է, որ կարող էին իրենց թույլ տալ բյուջետային տեսահոլովակ նկարահանել․ «Երգը շատ լավն է, դրա համար տեսահոլովակի վրա այդքան ներդրում չենք արել: Սովորաբար Հայաստանում հակառակն է լինում: Վատ երգի վրա լավ տեսահոլովակ են նկարում, որպեսզի «սղացնեն», մեր դեպքում այնքան «վարակիչ» երգ եմ գրել, որ միայն մեկ նկարով հրապարակելու դեպքում էլ կաշխատեր»։
Թեև Գոռն ասաց, որ երգը լավն է, խոստովանեց, որ իր ճաշակով չէ․ «Սա այն կոմերցիոն երաժշտությունն է, որը պահանջարկ ունի Հայաստանում, թեև դա ինձ ընդհանրապես դուր չի գալիս։ Համոզված եմ, որ ն աշխատելու է, որովհետև արել եմ այն, ինչ մարդիկ են ուզում, ոչ թե այն, ինչ ես եմ ուզում։ Այն, ինչ ես եմ ուզում, սովորաբար, չի աշխատում։ Այս անգամ արդեն ջղայնացած որոշեցի տալ պահանջարկին համահունչ աշխատանք։ Բացի այդ, չէր կարող Արտյոմի հետ զուգերգը ինչ–որ լուրջ երգ լինել»։