Եվա Բաղդասարյանը՝ «Երկուսով» հեռուստասերիալում չնկարահանվելու պատճառի և Ելենա Արշակյանի նոր նախագծի մասին
ЛАЙФ«Շանթ» հեռուստաընկերության «Երկուսով» հեռուստասերիալի նկարահանումները մեկնարկել են։ Թեև նախագծի սցենարիստ Անի Մաղաքյանը Tert.am Life–ին ասել էր, որ նախագծում միայն մեկ դերասանի փոփոխություն է եղել՝ Գայանե Ավետիսյանին փոխարինելու է Անուշիկ Առաքելյանը, դերասանուհի Եվա Բաղդասարյանը ևս չի նկարահանվի նախագծում:
Tert.am Life-ի հետ զրույցում Եվան պատմել է «Երկուսով» հեռուստասերիալից դուրս գալու պատճառների, «Շանթ» հեռուստաընկերության էջում իր լուսանկարները տեսնելուց հետո անակնկալի գալու և նոր նախագծի մասին:
Եվայի խոսքով՝ կորոնավիրուսի տարածման, ապա պատերազմական շրջանում «Երկուսով» սերիալի նկարահանումները երկու անգամ դադարեցվել են: «Երկրորդ անգամ նույնիսկ չգիտեինք, թե նկարահանումները որքան ժամանակով են հետաձգվում: Տնօրինությունից ասացին՝ չգիտեն հեռուստասերիալը կվերաբացվի՞, թե՞ ոչ, կարող ենք մեզ համար նոր աշխատանք գտնել, որպեսզի առանց աշխատանքի չմնանք: Հունվարին առաջարկ ստացա նկարահանվել Ելենա Արշակյանի նոր հեռուստասերիալում, տեղեկացրի «Շանթ» հեռուստաընկերության տնօրինությանը, որ նոր առաջարկ ունեմ, հարցրի՝ «Երկուսով»-ը վերսկսելո՞ւ են, թե՞ ոչ: Ինձ պատասխանեցին, որ չգիտեն, բայց եթե նոր առաջարկ ունեմ, կարող եմ ընդունել»,-պատմեց նա:
Հարցին, թե ինչպե՞ս է նախագծից դուրս եկել, Եվան պատասխանեց. ««Երկուսով»-ի նկարահանումները սկսելուց առաջ ինձ զանգահարեցին և ասացին, որ սկսում են առանց ինձ, որովհետև ես արդեն աշխատանք ունեմ, չէի կարող երկու հեռուստաընկերությունում նկարահանվել, արդեն ներգրավված էի Ելենա Արշակյանի նախագծում: «Երկուսով»-ի անձնակազմի հետ կապված ոչ մի խնդիր չկա, հասկացել ենք միմյանց, եթե ցանկանամ, հաջորդ նախագծում կլինեմ»:
«Երկուսով» հեռուստասերիալի մեկնարկն ազդարարող հրապարակման մեջ «Շանթ» հեռուստաընկերության պաշտոնական էջում հրապարակվել էր Եվայի լուսանկարը: Եվան շեշտեց, որ մինչև լուսանկարներ հրապարակելն էր արդեն հստակ էր, որ ինքը չի նկարահանվելու հեռուստասերիալում:
«Կարծում եմ՝ իմ լուսանկարները տարածողը չի իմացել, որ «Երկուսով»-ում չեմ նկարահանվելու: Լուսանկարներս «Շանթ» հեռուստաընկերության էջում տեսնելուց հետո թե՛ ես, թե՛ նոր նախագծի անձնակազմն անակնկալի եկանք: Ես ասացի, որ դա թյուրիմացություն է և իմ էջում հայտնեցի, որ այլևս չեմ նկարահանվելու հեռուստասերիալում: Դրանից առաջ էլ հստակ էր չնկարահանվելս: Չնայած նախորդ եթերաշրջանի վերջին սերիաներում ևս նկարահանվել եմ՝ իմ կերպարն Ամերիկայի Միացյալ Նահանգներից էր եկել և հեշտությամբ կարող է վերադառնալ ԱՄՆ»,- նշեց Եվան:
Խոսելով նոր նախագծի մասին՝ դերասանուհին շեշտեց, որ ռեժիսոր Ելենա Արշակյանի հետ առաջին անգամ է աշխատելու և շատ ոգևորված է: «Լսել էի նրա մասին, բայց անձամբ չէի շփվել: Ելենան ընկերասեր, հասարակ, շատ լավ մարդ է, ում հետ շփվելիս լարվածություն չես զգում: Համոզված եմ՝ նախագիծը շատ լավն է լինելու, իմ կերպարը համարյա գլխավոր է։ Այն շատ է տարբերվում իմ նախորդ կերպարներից: Շատ բարդ հոգեբանական տեսարաններ կան, որոնք պետք է խաղամ, այդ պատասխանատվությունը վերցրել եմ ինձ վրա, չեմ կարող լավ չխաղալ, աշխատելու տեղ ունեցող կերպար է: Խաղընկերներս ևս շատ լավն են և պրոֆեսիոնալ: Շատերի հետ արդեն ծանոթ եմ, իսկ ում հետ նախկինում չեմ նկարահանվել, համոզված եմ՝ մեր շփումը շատ լավ կստացվի»,- եզրափակեց Եվան: