«Երեկոյան Շանթում Գրիգի հետ» նախագիծն այլևս եթերում չի լինի․ հումորիստը՝ պատճառի մասին
ЛАЙФՕրերս Tert.am Life–ն իր ընթերցողներին հայտնեց, որ «Երգիր, թե կարող ես» նախագիծն այսուհետև կվարի դերասան Գրիգ Գևորգյանը։ Tert.am Life–ը զրուցել է Գրիգի հետ և պարզել, թե ինչ ճակատագիր կունենա նրա երեկոյան շոուն, որը հեռարձակվում էր «Շանթ» հեռուստաընկերությամբ։
««Երեկոյան Շանթում Գրիգի հետ» նախագծի 15-16 թողարկում եթեր գնաց, դա ավելին է, քան 1 եթերաշրջանը։ Այդքան շարունակվում էր, քանի որ արձագանքները լավն էին ու կշարունակվեր, եթե չլինեին այն ցավալի իրադարձությունները, որոնք եղան մեր երկրում։ Դրանից հետո տարբեր փոփոխություններ եղան, սակայն ոչ թե հարաբերություններում, այլ գործնական առումով։ Այս պահի դրությամբ նախագիծը, դժվար թե, շարունակվի»,– պարզաբանեց Գրիգը։
Հաղորդավարը ժամանակին մեծ ոգևորությամբ էր պատմել երեկոյան շոուի ձևաչափում ներկայանալու մասին և նշել էր, որ այն իր ամենասիրելին է։ Գրիգը հիմա էլ չի հրաժարվում այս ձևաչափում ներկայանալու մտքից։
«Ես չգիտեմ՝ դա կլինի 1 տարուց, 5 տարուց, թե՞ մի քանի ամսից, սակայն այդ ձևաչափն իմ ամենասիրելին է և, վաղ, թե ուշ, վերադառնալու ենք այդ ձևաչափին, որովհետև այն շատ հետաքրքիր է մեզ համար։ Շատ բաներ կան, որոնք դեռևս արված չեն ու պետք է անենք։ Չգիտեմ՝ դա թիվիո՞վ կլինի, թե՞ էդ ժամանակ էլ թիվի չի լինի, բայց երեկոյան շոու կանեմ»,– ընդգծեց նա։