«Փորձում ենք «մաքուր» հումոր մատուցել». Գրիգոր Դանիելյանի հումորային նոր նախագծի առաջին մանրամասներն ու լուսանկարները
ЛАЙФՎաղվանից «ATV» հեռուստաընկերության եթերում կլինի Գրիգոր Դանիելյանի հումորային նոր նախագիծը: Գրիգորը նախագծի առաջին մանրամասները վստահել է Tert.am Life-ին, զրուցել ենք նրա հետ և լուսանկարել նկարահանման առաջին օրը:
«Պոպկորն» սկետչ շոուն ցուցադրվելու է շաբաթական մեկ անգամ: Ըստ Գրիգորի՝ նախագծի անվանումն ընտրել են «Պոպկորն», որովհետև մարդիկ, հիմնականում, նման նախագծերը դիտում են պոպկորն ուտելով:
«Վաղուց առանձին փրոդաքշն ստեղծելու նպատակ ունեի, որը կարտադրեր տարբեր տեսակի հեռուստահաղորդումներ: Այս նախագիծն այդ փրոդաքշնի մի մասն է, ցուցադրվելու է մեր յութուբյան էջում և «ATV» հեռուստաընկերությամբ: Նմանատիպ նախագիծ վաղուց չի եղել, հիմա էլ եթերում չկա: Սպասումներս մեծ են, որովհետև կարծում եմ՝ մարդիկ կարոտել են սկետչային ձևաչափը, հուսով ենք՝ լավ արձագանքներ կլինեն: Սկետչերը 3-6 րոպե տևողությամբ են, ամեն ինչ կախված է սցենարի ծավալից: Սկետչերի հիմքը երկու տողանոց անեկդոտներն են, որոնք սցենարի ենք վերածում: Սցենարական աշխատանքը կատարում ենք ես, Գուրգեն Սարգսյանը և Գարիկ Սեփխանյանը: Իրականում, կարոտել էինք սցենարագրման աշխատանքները, որովհետև վաղուց չէինք գրել, վերջին անգամ գրել էինք «Դեպի ճամբար 2» նախագծի սցենարը, որը նախորդ տարի էր»,- ասաց Գրիգորը:
Նրա խոսքով՝ նախագծի ռեժիսորը Գուրգեն Սարգսյանն է, իսկ դերասանական հիմնական կազմում են ինքը, Գուրգենը, Եվա Զոհրաբյանը, Սաթենիկ Հազարյանը, Գարիկ Սեփխանյանը, էպիզոդիկ դերերում հանդես է գալիս Գրիգորի կինը՝ Հռիփսիմե Ելինյանը:
Խոսելով սկետչերի թեմաների ընտրության մասին՝ Գրիգորը նշեց. «Թեմատիկ ընտրությունն անում ենք հնարավորինս այնպես, որ 18+ թեմաներով սկետչեր չլինեն, փորձում ենք «մաքուր» հումոր մատուցել, որ դիտեն և՛ երեխաները, և՛ մեծերը: Եթե նույնիսկ կան իրավիճակներ, որտեղ 18+ թեմաների մասին խոսքային անդրադարձեր են, այնքան տողատակով են, որ երեխաները չեն էլ զգա, թե խոսքն ինչի մասին է: Անեկդոտների ձևաչափը չի լինելու այնպես, որ կինը գա, ամուսնուն տեսնի մեկ ուրիշի հետ, թեմաները դպրոցական են, ուսանողական, ընտանեկան»,- պատմեց նա:
Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի