Ղազախստանը վավերացրել է ԵԱՏՄ երկրների ծխախոտային արտադրանքի ակցիզների մասին համաձայնագիրը
ЭКОНОМИКАՂազախստանի նախագահ Քասիմ-Ժոմարտ Տոկաևը հինգշաբթի ստորագրել է ԵԱՏՄ անդամ երկրների ծխախոտային արտադրանքի ակցիզների ոլորտում հարկային քաղաքականության սկզբունքների մասին համաձայնագրի վավերականացման օրինագիծը:
Ինչպես փոխանցում է «ՏԱՍՍ» գործակալությունը, փաստաթղթով նախատեսվում է 2024 թվականից կիրառել ակցիզային ինդիկատիվ տոկոսադրույք, լիազորել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդին՝ հաստատելու ակցիզների ինդիկատիվ տոկոսադրույքները և փոփոխելու դրանք՝ հիմնավոր տնտեսական նպատակահարմարության պարագայում: Յուրաքանչյուր հինգ տարին մեկ միասնական ինդիկատիվ տոկոսադրույք կսահմանվի:
2024 թվականի ծխախոտային արտադրանքի ինդիկատիվ տոկոսադրույքը սահմանվում է ազգային արժույթով՝ 1000 հատի դիմաց 35 եվրոյին համարժեք ծավալով: Ներդաշնակության հասնելու համար ակցիզների գործնական տոկոսադրույքները կարող են տատանվել ոչ ավելի, քան 20 տոկոսի սահմանում:
Նույն օրը նախագահը վավերացրել է Ապրանքային և սպասարկման նշանների և ԵԱՏՄ ապրանքների արտադրման վայրերի անվանումների մասին պայմանագիրը, որն ուղղված է տվյալ ոլորտում իրավական պաշտպանության ապահովմանը: