Կարեն Ասլանյանը, Եվա Բաղդասարյանը, Ալեքսանդր Բաբասյանը և այլք՝ Ելենա Արշակյան նոր հեռուստասերիալում․ առաջին լուսանկարներն ու մանրամասները
ЛАЙФ«ATV»–ի եթերում շուտով կմեկնարկի Ելենա Արշակյանի նոր՝ «Օջախի երգը» հեռուստասերիալը։ Նախագծում խաղում են Կարեն Ասլանյանը, Ալեքսանդր Բաբասյանը, Վարդան Հովսեփյանը, Եվա Բաղդասարյանը, Իրինա Հարությունյանը, Տիգրան Գասպարյանը, Արտակ Այվազյանը և այլք։
Նոր նախագծի առաջին մանրամասներն ու լուսանկարները Ելենան վստահել է Tert.am Life–ին ու ընդգծել, որ այս անգամ էլ անդրադարձել են հասարակության համար կարևոր խնդրի։
«Ես միշտ ասում եմ, որ ես ու սցենարիստ Անահիտ Մխիթարյանն անդրադառնում ենք թեմաների, որոնք այդ պահին մեզ անհանգստացնում են։ Մենք չենք կարող չնկատել՝ ինչ է կատարվում մեր շուրջը։ Վերջին շրջանում ավելի ու ավելի ենք նկատում, թե որքան են տարանջատվել մեր ընտանիքները։ «Օջախ» կոչվածը սկսել ենք կորցնել, իսկ «օջախը» հայերիս համար հստակ արժեքներ ունի, տունը զուտ 4 պատ չէ։ Այս նախագծով անդրադառնում ենք մեր ընտանեկան արժեքներին, որոնք այժմյան երիտասարդության մեջ չկան կամ պակասել են։ Սփյուռքահայերը շատ դեպքերում շատ ավելի հետևողական են այդ արժեքներին, քան հայաստանաբնակները»,– ասաց Ելենան ու հավելեց, որ պատմությունը գլխավոր հերոս և հերոսուհի չունի։ Գլխավոր հերոսները մի ընտանիքի անդամներն են։
«Գործողությունները սկսվում են 97-98 թվականներին, հետո գալիս ենք մեր օրեր։ Պատմությունն Արշակի ընտանիքի մասին է, ում մարմնավորում է Պատանի հանդիսատեսի դերասան Արտակ Այվազյանին։ Նա երկար ժամանակ ոլորտում չէր, հետ ենք բերել նկարահանման հրապարակ։ Հերոսն ու ունի երեք երեխա՝ Խոսրովը, Բակուրը և Աշխենը։ Հերոսների համար միտումնավոր ենք թագավորական անուններ ընտրել։ Նրանց մարմնավորում են Կարեն Ասլանյանը, Վարդան Հովսեփյանը և երիտասարդ դերասանուհի Արմինե Ալեքսանյանը, որի համար դերը դեբյուտային է։ Բավականին հետաքրքիր դերասանուհի է։ Հավատարիմ մնալով իմ սկզբունքներին՝ կրկին հարթակ եմ տրամադրել նաև նորավարտ դերասանների»,– ասաց պրոդյուսերը։
Ելենայից հետաքրքրվեցինք, թե ինչպես է ստացվել, որ դերասան Կարեն Ասլանյանը, ով, գրեթե միշտ, ներկայանում է Դիանա Գրիգորյանի հեռուստասերիալներում, այս անգամ ընդգրկվել է իր նախագծում․ «Կարեն Ասլանյանը թույլ չի տա, որ ստեմ։ Առաջին անգամ նա նկարահանվել է ինձ մոտ՝ «Քույրը» հեռուստասերիալում։ Տարբեր նախագծերի ընթացքում տարբեր դերասանների հետ կարող եմ համագործակցել»։
Ինչ վերաբերում է նախագծի՝ մի փոքր ուշանալուն, Ելենան պարզաբանեց, որ ամեն բան պատրաստ էր, քանի որ տարեսկզբից սկսել էին աշխատանքները, սակայն ինքը վարակվեց կորոնավիրուսով։
«Թագավարակն իմ դռան կողքով էլ չանցավ, ես էլ թագադրվեցի։) Քանի որ անխտիր բոլոր նախագծերի առաջին սերիաները ես եմ նկարահանում, ստիպված էինք հետաձգել աշխատանքները։ Հիմա ինտենսիվ աշխատանքներ ենք անում, որպեսզի հնարավորինս շուտ հեռուստադիտողների դատին հանձնենք մեր նոր նախագիծը»,– եզրափակեց նա։