Մեսի. Անհավանական տարի էր
СПОРТ«Բարսելոնայի» արգենտինացի առաջատար Լիոնել Մեսին Ճապոնիայում աշխարհի ակումբային առաջնությունում մեկնարկելուց առաջ խոսել է մրցաշարի կարեւորության մասին եւ ամփոփել է տարին՝ նշելով նաեւ «Բարսելոնայում» տեղի ունեցած փոփոխությունները, փոխանցում է FIFA.com-ը:
«Աշխարհի ակումբային առաջնությունը տարին գեղեցիկ ավարտելու հնարավորություն է տալիս: Մենք մտադիր ենք նվաճել այս տիտղոսը եւ արձակուրդն անցկացնել մեր ընտանիքների հետ: Մոտիվացիայի անհրաժեշտություն չկա: Մենք պարզապես գիտենք, թե ինչ նշանակություն ունի այս մրցաշարը: Տիտղոսը կմնա ակումբի պատմության մեջ: Դա շատ կարեւոր է»,- ասել է Մեսին:
Նախորդ անգամ «Բարսելոնան» 2011-ին ակումբային առաջնության եզրափակիչում 4:0 հաշվով հաղթել է բրազիլական «Սանթոսին», որի կազմում այն ժամանակ հանդես էր գալիս այժմ «Բարսելոնան» ներկայացնող Նեյմարը.
«Նեյմարն արդեն այն ժամանակ գերազանց խաղացող էր, իսկ հիմա դարձել է ավելի լավը: Այժմ նա ավելի ամբողջական է: Մեծ հաճույք ու պատիվ է նրա հետ խաղալը:
Նույնը կարող եմ ասել իմ մասին: Ժամանակի ընթացքում ես զարգանում էի ֆուտոբլային եւ անձնական հարթություններում: Պետք է հարմարվել նոր պայմաններին: Կարծում եմ՝ ես կարողացել եմ պահպանել իմ խաղաոճը, բայց տարիների ընթացքում սկսել եմ խաղալ ավելի բազմազան եւ ավելի լավ:
«Բարսելոնան» որոշակիորեն փոխվել է: Սկսել ենք խաղալ ավելի ուղղահայաց: Իհարկե, մենք չենք կորցրել գնդակը վերահսկելու մեր փիլիսոփայությունը՝ վերահսկել խաղը եւ առավելագույն շատ պահել գնդակը: Բայց այժմ մենք կարող ենք նաեւ մի քանի հպումներով ավարտել գրոհը: Իսկ նախկինում ձգտում էինք աստիճանաբար մոտենալ մրցակցի դարպասին:
Անհավանական տարի էր: Կարծում էինք, որ Գվարդիոլայի հետ 2009-ի նվաճումը կրկնել չի ստացվի: Այն ժամանակ նվաճեցինք բոլոր հնարավոր տիտղոսները: Այժմ մոտ ենք նույն նվաճմանը: Մնում է լավ ավարտել տարին եւ այն դարձնել անմոռանալի»,- ամփոփել է Մեսին:
«Բարսելոնան» աշխարհի ակումբային առաջնության կիսաեզրափակիչում դեկտեմբրի 17-ին կմրցի չինական «Գուանչժոու Էվերգրանդի» հետ: