Եվրոպական ֆուտբոլի ցնցումներն ինչպե՞ս կանդրադառնան հայկական ֆուտբոլի վրա. Հայաստանում ՈՒԵՖԱ-ի ներկայացուցչի տեսակետը
СПОРТԱնցած գիշեր տեղի ունեցավ ֆուտբոլի ողջ պատմության ամենամեծ ցնցումներից մեկը՝ 12 ակումբ հայտարարեց Եվրոպական Սուպերլիգա ստեղծելու մասին: Սուպերլիգան 20 թիմանոց մրցաշար է, որտեղ 15 թիմերը հիմնադիրներն են ու խաղում են ամեն տարի՝ առանց դուրս մնալու, իսկ 5-ը որակավորվում են:
ՈՒԵՖԱ-ն, բոլոր թոփ-լիգաներն ու ասոցիացիաները շատ կոշտ ձևով դեմ արտահայտվեցին. եթե Սուպերլիգան իրականություն դառնա, ապա մասնակից ակումբները կզրկվեն թե՛ ՈՒԵՖԱ-ի մրցաշարերին, թե' իրենց ազգային առաջնություններին մասնակցելու իրավունքից, իսկ մասնակից ֆուտբոլիստները՝ իրենց հավաքականների կազմում խաղալուց:
Իրավիճակի հետ կապված Past.am-ը խնդրել է Հայաստանում ՈՒԵՖԱ-ի ներկայացուցիչ Մհեր Խուդավերդյանի տեսակետը:
«Իրադարձությունների նման զարգացման դեպքում եվրոպական ֆուտբոլի ֆինանսական համակարգը կխախտվի՝ հարուստ և ուժեղ թիմերը ավելի շատ եկամուտ կունենան, իսկ թույլերը կհայտնվեն սնանկացման հեռանկարի առաջ»,- ասաց Խուդավերդյանը՝ հավելելով, որ Չեմպիոնների լիգան կկորցնի հետաքրքրությունը, ինչի պատճառով կընկնեն եկամուտները, Եվրոպա լիգան ու նորաստեղծ Կոնֆերենցիա լիգան ընդհանրապես անիմաստ կդառնան։ ՈՒԵՖԱ-ում Հայաստանի պատվիրակը նաև նշեց, որ ամենավատ հետևանքներից մեկը կլինի այն, որ Աշխարհի և Եվրոպայի առաջնությունները կդադարեն հետաքրքիր լինել, կնմանվեն բասկետբոլի աշխարհի առաջնությանը։
Իսկ ստեղծված վիճակն ինչպե՞ս կարող է անդրադառնալ հայկական ֆուտբոլի վրա: «Եվրոպական ֆուտբոլի ֆինանսական հիերարխիայի փլուզումը կհանգեցնի նրան, որ հայկական ֆուտբոլ ՈՒԵՖԱ-ից գումար չի գա, կամ լրջորեն կնվազեն եկող գումարները: Եկամուտների կտրուկ նվազումը մի կողմից՝ կսպառնա ակումբների գոյությանը (խոսքը եվրագավաթների որակավորման փուլերին մասնակցող թիմերին տրվող գումարների և համերաշխության վճարների մասին է), մյուս կողմից՝ կտրուկ կնվազեն ՀՖՖ-ի եկամուտները, ինչը լրջորեն կանդրադառնա ֆուտբոլի զարգացման, ենթակառուցվածքների բարելավման վրա, և այս ամենի ֆոնին Հայաստանի պես երկրների ֆուտբոլի ապագան շատ մշուշոտ է»,- նշեց Մհեր Խուդավերդյանը։