«Վաննայում նկարահանվելիս ինձ վատ էի զգում»․ Դիանա Տոռեսը՝ առաջին տեսահոլովակի, բաց տեսարանի, բարեկամների ֆինանսական օգնության և քննադատությունների մասին
ЛАЙФ«Կինստագրամ» սիթքոմից հայտնի դերասանուհի Դիանա Տոռեսը հանդես կգա նաև որպես երգչուհի։ Օրերս նա նկարահանել է իր առաջին տեսահոլովակը, որի պրեմիերան կլինի ապրիլի 30-ին՝ Դիանայի ծննդյան օրը։ Տեսահոլովակի առաջին մանրամասնեը նա պատմել է Tert.am Life-ին և լուսանկարներ տրամադրել նկարահանումների ընթացքից։
Դիանայի խոսքով՝ տեսահոլովակ ունենալն իր մանկության երազանքն էր։ «Դեռ փոքրուց ունեցել եմ երգչուհիների իմ իդելաները, ականջակալներով լսել եմ նրանց երգերը, ապրել իմ աշխարհում։ Սիրում էի Ավրիլ Լավինին, Ռիհաննային, Նիկոլ Շերզինգերին և Սելենա Գոմեսին»,- պատմեց նա։
Ըստ դերասանուհու՝ երաժշտական կրթություն ունի, տարիներ առաջ սովորել է Հայաստանի երգի պետական թատրոնում։ «Այդ ժամանակ դպրոցական էի։ Դպրոցն ավարտելուց հետո ընդունվեցի Բժշկական համալսարանի ստոմատոլոգիական բաժին, զուգահեռ շարունակում էի հաճախել Երգի թատրոն, պարզապես տանը դեմ էին, որ երգեի, առանց նրանց ասելու էի ընդունվել թատրոն։ Հորաքույրս ուզում էր, որպեսզի բժշկուհի դառնամ, հայրս՝ մանկավարժ։ Նա այդ ժամանակ դեռ չէր մահացել, կարծում էր, որ շոու բիզնեսը մի փոքր այլ ասպարեզ է, ասում էր՝ իմ աղջիկը չպետք է երգչուհի լինի։ Ես էլ ասում էի՝ պարտադիր չէ, որ երգչուհին վատը լինի, բարոյական չլինի։ Հայրս մտածում էր, որ կարող են ինձ նեղացնել, բայց երբ տեսնում էր՝ շատ եմ սիրում երգել, այլևս ոչինչ չէր ասում։ Չդարձա բժիշկ, մանկավարժ, կատարվեցին իմ երազանքները»,- ասաց նա։
Երգի խոսքերի հեղինակը Վլադիմիր Պողոսյանն է, երաժշտությունը գրել է Արսեն Մանուկյանը, այն գրվել է պատերազմի ավարտից հետո, մոտ կես տարվա պատմություն ունի։
«Քանի որ պատերազմը նոր էր ավարտվել, ցանկացա, որպեսզի երգն ուրախ չլինի։ Այն տխուր սիրո, դավաճնության մասին է, շատ գեղեցիկ, մեղեդային գործ է։ Հատվածներ կան, որոնք կապ ունեն ինձ հետ, տողեր էլ կան, որոնք ինձ հետ կապ չունեն,- ասաց նա և հավելեց, որ տեսահոլովակի ռեժիսորը Տիգրան Ավետիսյանն է,- Տեսահոլովակի նկարահանման օրն արտասվում էի, չէի հավատում, որ այդ ամենն իրականություն է, մտածում էի՝ երազ է։ Տեսահոլովակն ունի նաև սյուժետային գիծ, նկարահանվել ենք ես և պրոֆեսիոնալ պարող Նարեկը, որովհետև կա նաև պարային տեսարան։ Ես մոտ 10 տարի բալետի եմ հաճախել, հենց իմ ուսուցիչը՝ Հայկ Ավագյանն է բեմադրել պարը»։
Հարցին՝ իր համար ֆինանսապես բարդ չէ՞ տեսահոլովակ նկարահանելը, Դիանան պատասխանեց, որոշակի գումար պարտքով է վերցրել․ «Այսօր տեսահոլովակ նկարահանելը թանկ հաճույք է, ինձ համար ֆինանսապես հեշտ չէ, բայց բարեկամներս օգնել են, այդ գումարը որոշ ժամանակ անց նրանց կվերադարձնեմ»։
Դիանան նոր աշխատանքի մասին իր կանխատեսումներն ունի, ասում է, եթե քննադատվի, չի նեղսրտի։ «Կարծում եմ՝ տեսահոլովակի հետ կապված քննադատություններ կլինեն, որովհետև վաննայում տեսարաններ ունեմ։ Ի դեպ, այդ տեսարանների ժամանակ ինձ վատ էի զգում, որովհետև ջուրը շատ տաք էր, տարածքում տոթ էր, օդ չկար։ Աղջիկներն օգնեցին, սառը ջուր տվեցին, մինչև մի փոքր լավ զգացի ինձ,- ասաց նա և ընդգծեց, որ երգի հետ կապված արձագանքները միայն դրական են,- Երգս ով լսել է, հավանել է, հուսով եմ՝ որպես երգչուհի կընդունվեմ, որովհետև քնից չեմ արթնացել ու երգչուհի դարձել։ Ես միշտ եմ երգել, ունեմ քավրներ, ակապելա երգեր»։