«Էներգիայի մեծ հոսք ստացա». Արա Մարտիրոսյանի մենահամերգի հետաքրքիր դրվագները, զուգերգը Լյուբով Ուսպենսկայայի հետ և հանդիսատեսի հուզմունքը
ЛАЙФԵրգիչ Արա Մարտիրոսյանը տևական դադարից հետո կրկին բեմում էր․ նա մենահամերգ ունեցավ Երևանում։ Ասում է՝ իր և հանդիսատեսի հանդիպումը ջերմ ու կարոտած էր:
Tert.am Life-ը ներկա է եղել մենահամերգին, ֆիքսել երեկոյի հետաքրքիր դրվագներն ու զրուցել Արայի հետ:
«Ժամանակը եկավ» խորագրով երեկոն վարում էր Ավետ Բարսեղյանը։ Համերգի ընթացքում երգիչը հանդիսատեսին ժպտալու առիթներ տվեց, իսկ վերջում նաև հուզեց՝ Արթուր Գրիգորյանի հետ երգելով «Մինչև վերջ» ստեղծագործությունը, որը պատերազմի մասին է:
«Լռությունից հետո պետք է համերգ ունենայի ու մարդկանց գոնե կարճ ժամանակով երջանկություն պարգևեի: Շատ ջերմ ու էներգետիկ համերգ էր, էներգիայի մեծ հոսք ստացա, այն ունենալու ժամանակը, իսկապես, հասել էր: Շատ էի կարոտել հանդիսատեսին, տրամադրությունս բարձր էր, ի սկզբանե պատրաստվել էի, որ հանդիսատեսին դրական լիցքեր հաղորդեմ»,- ասաց նա:
Համերգն ազդարարվեց «Հեռանալ» երգով. Արան նկատեց, որ այն սիրված երգ է: «Բոլոր երգերն էլ յուրովի առանձնանում են, ամեն երգ իր տեղն ունի: «Բաժանում չի լինում» երգը, որը «Փեսացուն կրկեսից» ֆիլմի սաունդթրեքն էր, ևս շատ սիրված է»,- նշեց նա:
Արան զուգերգեր կատարեց Լյուբով Ուսպենսկայայի, Սոնայի, Արթուր Գրիգորիչի հետ: Երեկոյի ընթացքում «Моя» երգը հնչեց երկու անգամ. երկրորդ անգամ Արան այն կատարեց Արթուր Գրիգորիչի հետ զուգերգից հետո՝ չնայած նախատեսված էր, որ այն վերջին երգն է: Երգիչը չցանկացավ հանդիսատեսին արցունքն աչքերին ճանապարհել: