Նելլիի և Րաֆֆիի դստեր 9-ամյակի խնջույքը, թեմատիկ տորթը, երազանքի նվերը ու հյուրերը
ЛАЙФԵրգչուհի Նելլի Պողոսյանի և ֆուտբոլիստ, «Արարատ» ֆուտբոլային ակումբի մարզիչ Րաֆֆի Սաֆարյանի ավագ դուստրը՝ Անահիտը, երեկ դարձել է 9 տարեկան, ինչի առթիվ ծնողները մանկական խնջույք են կազմակերպել Երևանի ժամանցի կենտրոններից մեկում։
Tert.am Life–ը ներկա է եղել խնջույքին և ներկայացնում է հետաքրքիր դրվագներն ու մանրամասները։
«Մենք միշտ տոնում ենք մեր երեխաների տարեդարձերը, քանի որ իրենք ամբողջ տարին սպասում են այդ օրվան։ Ես ու Րաֆֆին մեր տարեդարձին կարող է այդպես չպատրաստվենք, ինչպես երեխաների դեպքում։ Նախորդ տարի Անյայի ծնունդը չկարողացանք նշել, քանի որ համավարակի լայն տարածման շրջանն էր, Սառայի տարեդարձի ժամանակ պատերազմ էր։ Իրենց մեջ շատ էր տպավորվել, որ նախորդ տարի ծնունդ չեն նշել, այս տարի փորձեցինք լրացնել դա։ Իհարկե, ամեն բան արեցինք շատ զգուշորեն, քանի որ համավարակը դեռ կա, բայց մեր ամենահարազատ մարդկանց, իրենց ընկերուհիների հետ տոնեցինք օրը։ Ոչ միայն մեր երեխաներներն էին շատ ուրախ ու երջանիկ, այլև մյուսները, քանի որ վերջին մեկ տարում, ոչ ոք ոչ տանել, ոչ էլ գնացել է խնջույքների»,– պատմեց Նելլին։
Խնջույքին ներկա էին նաև Լուսինե և Իրինա Թովմասյանների դուստրերը, քանի որ նրանք էլ Անահիտի ընկերուհիներն են։
Երգչուհին պատմեց, որ ամեն բան կազմակերպել են Ֆլամինգոյի թեմատիկայով, քանի որ երկու դուստրն էլ շատ են սիրում ֆլամինգո։ «Այլ տարիներին զարդարանքի վրա շատ ավելի եմ կենտրոնանում, բայց փորձել էինք թեմատիկան պահել նաև տորթի ու քաղցրավենիքի ընտրության ժամանակ։ Ի դեպ, քաղցրավենիքներն ու տորթը պատրաստել էին արցախցի կանայք։ Բոլորը զարմացել էին, որ ոչ միայն համեղ է, այլև դեկորատիվ տեսքով չի զիջում այլ տորթերի»– ասաց Նելլին։
Մայրիկն ու հայրիկը աղջնակին նվիրել են մանկական սպա–կենտրոն և վերջին սերնդի կիսամանկական ֆոտոապարտ, որն անմիջապես տպում է լուսանկարը։ Նելլին ասաց, որ աղջիկն ուղղակի երջանիկ էր նվերից, քանի որ իր ցանկությամբ էին գնել այն։
«Իրենք մեր բակում փոքրիկ տունիկ ունեն․ նախորդ տարի Րաֆֆին այդ տունը սարքելով փորձեց կոմպենսացնել ծնունդ չնշելը։ Ամբողջ ամառ երկու քույր այդտեղ էին խաղում, իրենց ընկերուհիներին էին հրավիրում, փարթիներ կազմակերպում։ Բավականին մեծ է։ Հիմա արդեն այնտեղ ունեն իրենց սպա կենտրոնը և երջանիկ են դրանով, քանի որ երկու աղջիկս էլ տարված են բյութի–բլոգեր դառնալու գաղափարով,– ասաց նա ու հավելեց, որ չնայած տարիքային տարբերությանը՝ 9–ամյա Անահիտն ու 4-ամյա Սառան, կարողանում են միասին խաղալ, ընդհանուր հետաքրքրություններ ունեն։ –Երկուսն էլ շատ–շատ են սիրում կոսմետիկ միջոցներ։ Ինչ էլ խաղան–չխաղան, վերջում իրար մատնահարդարում անելը, «քսվացնելը» կա։ Իհարկե, կռիվներն անպակաս են, մեկ էլ կասեն՝ դու սա ունես, ես չունեմ, ինչու է քոնը մարմնագույն, իմը՝ վարդագույն, բայց բավական է նրանց, օրինակ, մի շրթներկ նվիրես, բոլոր տարաձայնությունները կմոռանան, անսահման ու ամբողջ օրը միմյանց այդ շրթներկը կքսեն»։
Նելլին նշեց, որ բալիկները սովորաբար շատ շնորհակալ են լինում նվերների համար, ինքն ու ամուսինն ամեն բան անում են, որպեսզի դա արմատանա երեխաների մեջ։
«Ես ու Րաֆֆին հաճախ ենք խոսում նրանց հետ։ Մեր բոլորիս մանկությունն անցել է 90–ականների վատ ժամանակներում, երբ ամեն տարի չէ, որ կարող էինք ծնունդ նշել։ Շատ բաներ մեզ համար ուղղակի ճոխություն էին։ Ես հասկանում եմ, որ այլ երեխաներ գուցե շատ ավելի լավ բաներ են նվեր ստանում, բայց սա այն նվերն էր, որ ինքն էր ուզել։ Մենք փորձում ենք մեր ունեցածի և կարողության սահմաններում ամեն բան անել, որպեսզի երեխաները չունենան այն պակասը, որը մեր սերունդն է ունեցել։ Իրենց էլ միշտ ասում ենք, որ պետք է շնորհակալ լինեն Աստծուն այն ամենի համար ինչ ունեն։ Գուցե դրանից է, որ շատ ավելի էմոցիոնալ են արձագանքում նվերներին։ Ցանկացած նվերի դեպքում շնորհակալություն են հայտնում ինձ ու Րաֆֆիին»,– եզրակարեց երգչուհին։