«Իմ երազանքների մեքենան է»․ Էմմա Սապունջյանը՝ հարազատի օգնությամբ նոր մեքենա գնելու, իր առաջին 1.000.000 դրամ հոնորարի և աշխատավարձերի մասին
ЛАЙФԴերասանուհի Էմմա Սապունջյանը նոր մեքենա է գնել՝ Hyundai Veloster, որի մասին երազել է մոտ երկու տարի։ Էմման Tert.am Life–ի հետ զրույցում պատմել է սիրելիի ֆինանսական օգնությամբ երազանքն իրականացնելու, մյուս հարցերում ծախսերն ինքնուրույն հոգալու, 15 տարեկանից աշխատելու և իր առաջին միլիոնը վաստակելու մասին։
Էմմայի առաջին մեքենան՝ Mitsubishi iO մակնիշի, նվիրել է հայրիկը, մյուսը՝ Mazda Verisa–ն նվիրել է մայրիկը, Hyundai Veloster–ը ևս մասամբ նվեր է, գումարի մի մասն ինքն է տվել, մյուս մասն ավելացրել է հարազատ մարդու օգնությամբ։
«Շատ վաղուց էի հավանում ու ամեն ինչ անում, որպեսզի կարողանամ ունենալ այս մեքենայից, վերջապես ստացվեց հասնել նպատակիս։ Հանկարծակի ստացվեց, որ այս փուլում կարողացա ձեռք բերել մեքենան։ Երևի թե, 1 շաբաթվա ընթացքում մտքիս դրեցի և արեցի»,– ասաց Էմման։
Դերասանուհին նկատեց, որ մեքենա վարում է ավելի քան 6 տարի։ «Ես մեքենային հիվանդագին չեմ վերաբերում, ինձ համար այն ավելի շատ փոխադրամիջոց է, բայց իհարկե, ավելի լավ է, երբ լավ մեքենա ես վարում։ Այնպես չէ, որ շատ թանկարժեք մեքենաների մասին էի երազում։ Ինձ ասում էին՝ ավելի լավ է մի քիչ էլ գումար ավելացնեմ, այլ մեքենա գնեմ, բայց ես կոնկրետ սա էի ուզում»,– ասաց նա ու հավելեց, որ շատ է ուրախանում ցանկացած նոր բան ձեռք բերելիս, անգամ, եթե այն ամենօրյա շպարի պարագա է։
Էմման նկատեց, որ մեքենան իր պահեստն է, ամեն ինչ ունի՝ հագուստ, կոշիկ, ուտելիք։ «Որ պահին ուզեմ տանից փախչել, կարող եմ»,– կատակեց նա։
Թեև մեքենաների գնման հարցում Էմման ինքնուրույն չի եղել, ասաց, որ ֆինանսական մյուս բոլոր հարցերն ինքնուրույն է հոգում․ «Ես 15 տարեկանից աշխատում եմ և ինքնուրույն եմ հոգում իմ ծախսերը։ Միշտ աշխատել եմ իմ մասնագիտությամբ՝ սկզբում մասսայական տեսարաններում էի նկարահանվում, հետո երկրորդական ու գլխավոր դերերում։ Այդ ժամանակվանից ինձ ֆինանսապես չեն օգնել։ Առաջին դեպքն էր, երբ ֆինանսական աջակցության կարիք զգացի»։
Էմման հստակ չհիշեց՝ իր առաջին աշխատավարձը 7000, թե՞ 10.000 դրամ էր, բայց հիշեց, որ այն մասսայական տեսարանում նկարահանվելու համար էր, իսկ ամենամեծ գումարը, որ աշխատել է, լավ է հիշում՝ 1 մլն դրամ․ «Միլիոնը վաստակեցի սերիալում խաղալու համար։ Դեռևս կյանքիս միակ միլիոնն է, բայց միլիոնին մոտ գումար էլի եմ աշխատել՝ քիչ տարբերությամբ»։ Սեփական աշխատավարձով Էմմայի ամենամեծ գնումը եղել է հեռախոսը, որն արժեցել է 500 հազար դրամից ավելի։
Վերջին շրջանում դերասանները հաճախ են դժգոհում սերիալային աշխատավարձերից՝ նկատելով, որ ավելի շատ էներգիա են ներդնում, քան վարձատրվում են։ Էմման համաձայն չէ այս պնդման հետ։
«Բոլորս էլ ուզում ենք շատ գումար աշխատել, բայց ես չեմ սիրում դժգոհել։ Ես սիրելով եմ այս գործն անում, շատ եմ սիրում աշխատել տեսախցիկի հետ։ Ինձ համար սերիալում նկարահանվելը երբեք չի եղել գումար աշխատելու միջոց, եղել է մասնագիտությանս մեջ ռեալիզացնելու տարբերակ։ Ինստիտուտում մեզ ասում էին՝ սերիալում մի նկարահանվեք, դա ձեզ ապագա չէ։ Այնքան էին մեր ուղեղում լցնում այդ ինֆորմացիան, որ ուսանողների մեծ մասն ինստիտուտն ավարտում է ու սպասում Հոլիվուդից առաջարկ ստանալուն։ Պետք է ռեալ նայել, Հայաստանում սերիալը շատ մեծ հարթակ է, դու կարող ես սերիալում թե՛ մասնագիտական աճ ունենալ, թե՛ զուտ հայտնիություն, որը շատերի համար կարևոր է։ Ես նկարահանվում եմ իմ հաճույքի համար, որովհետև 4 տարի նրա համար չեմ սովորել, որ տանը նստեմ ու սպասեմ, թե երբ են ինձ ինչ–որ թատրոնից հրավիրելու կամ հոլիվուդյան որ ռեժիսորն է ինձ նկատելու»,– ասաց նա։
Ժամանակին մեզ տված հարցազրույցում Էմման անկեղծացել էր, որ ուսանողական տարիներին, գրեթե, ամեն օրը լացելով է անցկացրել, քանի որ շատ են փորձել իրեն կոտրել ու ասել՝ անտաղանդ է: Հակառակ այդ ամենի՝ նա գնաց այս ճանապարհով։ «Այդ մարդիկ հիմա, երևի, մտածում են՝ դե սերիալում է նկարահանվում, ամեն մեկն էլ կարող է անել, բայց այդպես չէ։ Ամեն դեպքում ես իմ ուղին չեմ հարթել իրենց ինչ-որ բան ապացուցելու համար, ուղղակի շատ եմ սիրում այս մասնագիտությունն ու ամեն ինչ կանեմ այս ասպարեզում մնալու համար»,– եզրափակեց նա։