Հայտնիների քեֆը Թելման Խաչատրյանի 25–ամյակին, անակնկալներն ու տորթի ընտրությունը
ЛАЙФԴերասան Թելման Խաչատրյանն օրերս նշել է 25–ամյակը, որին ներկա են եղել մի շարք հայտնի մարդիկ՝ Արփի Գաբրիելյանն ու Միհրան Ծառուկյանը, Դիանա Գրիգորյանը, Ժաննա Բուտուլյանը, Էմմա Մանուկյանը, Հակոբ Հակոբյանն ու Արմեն Հովհաննիսյանը, Մարիամ Ալեքսանյանը, Նարե Գևորգյանը, Արտաշես Մխիթարյանը և այլք։
Դերասանը Tert.am Life–ին է տրամադրել օրվա լուսանկարներն ու պատմել, որ շատ լավ ժամանակ են անցկացրել՝ մինչև ուշ երեկո պարել են ու սրտանց քեֆ արել։
«Իրականում մտադիր չէի շատ մեծ ծնունդ անել, բայց ես մեղք չունեմ, որ իմ հարազատ մարդիկ շատ են և մոտ 50 հյուր ունեցա։ Միայն 18 հոգի քույրերս ու եղբայրներս էին։ Չգիտեի՝ ինչպես տեղավորել մի սեղանի շուրջ»,– ասաց նա, ապա հավելեց, որ եզակի դեպքերից է, երբ ծնունդ է նշել։
«Սովորաբար չեմ սիրում նշել ծննդյանս օրը։ Եթե 25–ամյակս չլիներ, հաստատ այս կերպ չէի նշի, բայց վաղուց չէինք հավաքվել, որոշեցի շատ մտերիմ մարդկանց հետ հավաքվել, ուրախանալ։ Հրավիրել էի ամենամտերիմ մարդկանց, որովհետև ինքս անհարմար դրության մեջ եմ հայտնվում, երբ ինչ-որ մեկը, որի հետ 1-2 անգամ ենք հանդիպել, ինձ հրավիրում է իր ծննդին։ Չցանկացա ես էլ այլ մարդկանց անհարմար դրության մեջ դնել։ Բացի այդ, մի պահ նայեցի շուրջս ու տեսա, որ բոլոր հյուրերս պարում են։ Հասկացա՝ որքան ճիշտ էր ամեն բան, ներկա էին միայն այն մարդիկ, որոնք իսկապես ուրախանում են ինձ համար»,– ասաց նա, ապա նկատեց, որ հյուրերից յուրաքանչյուրի հետ մշտական շփման մեջ է։
Թելմանի տարեդարձն աչքի ընկավ հետաքրքիր ու մանրակրկիտ աշխատած դիզայնով։ Սրահում հյուրերից յուրաքանչյուրին սպասում էր անվանական հրավիրատոմսն ու նախապես որոշված տեղը։
«Այդ ամենն ընկերներիցս մեկը՝ Սոնան է արել Արմինեի հետ։ Ես 5 օրում եմ կազմակերպել ամեն ինչ։ Սոնայի հետ զրուցում էինք, ասացի՝ սրահը մի քիչ դատարկ էր, ասաց՝ լավ։ Քանի որ դիզայնով է զբաղվում, ինձնից հյուրերի ցանկ ուզեց ու պատրաստեց այդ ամենը։ Կռահում էի, որ ինչ–որ բան կանի, բայց չգիտեի՝ ինչ։ Մի քիչ թիթիզ էր ստացվել, ջղայնացել էի, բայց կարևորը գեղեցիկ էր։ Այնպես էի անում, նկարներում շատ չերևա։ Իհարկե, կարևոր է, որ սիրուն, ճաշակով, էսթետ լինի ամեն բան, բայց եթե ընկերներս չանեին, ես չէի անի,– ասաց նա, ապա անդրադարձավ նաև տորթի ընտրությանը։ –Հատուկ պատվեր չէի արել։ Եղբորս կնոջ մայրը շատ տաղանդավոր է, ինքն էր պատրաստել։ Ես խնդրել էի պարզ դիզայն անել՝ մարմնագույն երանգի մեջ, սրահում հասկացա, որ տեսքը դատարկ է, ղամիշներից մեկը վերցրի, դրեցի տորթի վրա ու շատ սիրուն ստացվեց՝ միաժամանակ համեստ ու պարզ։ Ես մինիմալիզմ եմ սիրում»։
Անդրադառնալով տարեդարձի անակնկալներին՝ Թելմանն ասաց, որ շատ ուրախ է, որ գիշերը թատրոնում էր, փորձով էին տարված ու նույնիսկ չէին նկատել, որ կեսգիշերն անցել է․ «Փորձն ավարտեցինք, ընկերներս տեսան՝ ուշացել են, շնորհավորեցին, հետո մյուս ընկերներս եկան, գիշերը տոնեցինք։ Ծննդյանս օրվա առաջին կեսին նկարահանման էի, այնտեղ էլ նշեցինք։ Հաջորդ օրն աշակերտներիս խմբերը տորթով շնորհավորեցին։ Շատ լավ էմոցիաներ ստացա»։
Արդեն խնջույքի ժամանակ դերասանին անակնկալ են մատուցել գործընկերները։ «Թեև ես զգուշացրել էի, որ աշխատանքի չեն եկել, չեն երգելու, դիջեյ ունենք, նրանք որոշեցին ինձ նաև երգերով շնորհավորել։ Տորթի կտրման պահն էլ բաժին հասավ Միհրանին»,– եզրափակեց նա։