Տոկիոն մտադիր է լրացուցիչ 700 մլն դոլար հատկացնել զարգացող երկրների համար պատվաստանյութի ապահովման ծրագրին
ЭКОНОМИКАՃապոնիայի կառավարությունը մտադիր է հավելյալ 700 մլն դոլար հատկացնել COVAX միջազգային ծրագրին, որը կոչված է հակակորոնավիրուսային պատվաստանյութի առավել լայն հասանելիություն ապահովելու համաշխարհային մակարդակով:
Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ գործակալութունը` հղում անելով երկրի հանրային հեռուստատեսությանը, վարչապետ Յոշիհիդե Սուգան մտադիր է այդ մասին հայտարարել հունիսի 2-ին կայանալիք իմունիզացման խնդիրներին նվիրված առցանց համաժողովի ժամանակ:
COVAX ծրագրով նախատեսվում է ընթացիկ տարում զարգացող երկրներին 1,8 մլրդ չափաբաժին պատվաստանյութ տրամադրել: Դա թույլ կտա հակակորոնավիրուսային պատվաստանյութով ապահովել այդ երկրների բնակչության մոտ 30 տոկոսին, սակայն այդ խնդրի իրականացման համար չի բավականացնում 1,7 մլրդ դոլար: COVAX ծրագրին արդեն միացել է 190 երկիր և տնտեսություն:
Տոկիոն ավելի վաղ որոշում էր կայացրել ծրագրի իրականացման համար 200 մլն դոլար հատկացնել: