«Որևէ ձևով չեն ազդում տնտեսության իրական վիճակի կամ իրական միտումների վրա»․ «Փաստ»
ЭКОНОМИКА«Փաստ» օրաթերթը գրում է
Վերջերս կառավարության նիստերի ժամանակ հաճախ են հայտարարվում «պատմական ռեկորդների» մասին, որոնք, ըստ պատասխանատուների, գրանցվել են տնտեսության մեջ: Տնտեսագետ Կարեն Ադոնցի խոսքով, այդ թվերը չեն վկայում որևէ զարգացման մասին, բայց կան ուղղություններ, որոնցում արձանագրված ցուցանիշները պայմանավորված են մի քանի բաղադրիչներով:
Տնտեսագետն այդ համատեքստում է դիտարկում հատկապես ապրիլի հարկային եկամուտների ցուցանիշը, որը կազմել է մոտ 180 մլրդ դրամ: Այս թիվը տնտեսագետը կապում է ավելի վաղ համաճարակով պայմանավորված օրենսդրական փոփոխության հետ, որով շահութահարկ վճարողներն ազատվեցին 2020 թ. 2-րդ եռամսյակի համար շահութահարկի կանխավճարներ կատարելու պարտավորությունից. «Ընդհանուր առմամբ, որոշակի աճերի, տնտեսական ակտիվության առումով կա երկու բաղադրիչ, որոնք այս փուլում կարող են ազդել հաշվարկների վրա: Առաջինը գնաճն է՝ հաշվարկները կատարվում են ընթացիկ գներով:
Մյուս բաղադրիչը պղնձի գների մոտ կրկնակի աճն է: Այս միտումների արդյունքում նման տատանումներ, աճեր հնարավոր են, բայց դրանք որևէ ձևով չեն ազդում տնտեսության իրական վիճակի կամ իրական միտումների վրա»: Տնտեսագետը հիշեցրեց, որ անցյալ տարի ունեցել ենք 7,6 տոկոս տնտեսական անկում. «Այդ համատեքստում բնական է, որ այս տարի կլինի որոշակի վերականգնման գործընթաց, որովհետև տնտեսությունն աշխատում է, ճգնաժամի ազդեցությունը՝ աստիճանաբար թուլանում: Չէի ասի, թե անկում կունենանք, որոշակի տնտեսական աճ կլինի նախորդ տարվա համեմատ, բայց դա ոչինչ չի նշանակի, քանի որ ընդհանուր զարգացում չկա: Չկան նաև ներդրումներ, չկա տնտեսության կառուցվածքի որևէ փոփոխություն, չկան նոր շուկաներ: Միայն այդ հանգամանքների առկայությունը կարձանագրի, որ մենք զարգանում ենք:
Ընդհանուր առմամբ, մենք նույն ձևով և նույն տրամաբանությամբ ենք առաջ շարժվում: Միայն մեկ տարբերություն կա. կառավարությունը, մոտ 780 մլն դոլարի եվրոբոնդեր վաճառելով, այդ գումարը դնում է շրջանառության մեջ, ինչն էլ որոշ առումով նպաստում է տնտեսական ակտիվությանը»: Անդրադառնալով գնաճին՝ Կարեն Ադոնցը հավելեց, որ գների աճին նպաստեց հատկապես դրամի թուլացումը. «Երբ փոխարժեքը փոփոխվում է, ներմուծվող ապրանքների գներն աճում են, ինչն էլ հանգեցնում է գների աճին: Բացի այդ, ճգնաժամային իրավիճակում արևմտյան երկրները դոլարային կամ տարադրամային ներարկումներ արեցին: Դոլարի ու եվրոյի փաստացի արժեզրկման պայմաններում այդ երկրներում 5-10 տոկոս գնաճ է արձանագրվել, ինչը նույնպես անդրադառնում է մեր ներմուծվող ապրանքների գների վրա:
Հաջորդ խնդիրը հետևյալն է. եթե կա տնտեսական անկում, փողի քանակը չի փոխվում, հետևաբար, պետությունը ստիպված է կարգավորել խնդիրը՝ բարձրացնելով վերաֆինանսավորման տոկոսադրույքը: Կարծում եմ՝ եթե պղնձի գների առումով վերոնշյալ իրավիճակը շարունակվի, մենք դրամը կայունացնելու խնդիր չենք ունենա, բայց մնացած գործոնները նույնն են մնալու: Այսինքն, այն գները, որոնք կան, կմնան, բայց ենթադրում եմ, որ եղածից ավելի մեծ գնաճ չի լինի»:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում