ԱԺ-ն ընդունեց գյուղատնտեսական կոոպերատիվների ներդրման օրենսդրական նախաձեռնությունը
ЭКОНОМИКАԱզգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց Գյուղատնտեսական կոոպերատիվների ինստիտուտի ներդրման օրենսդրական նախաձեռնությանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Գյուղատնտեսական կոոպերատիվների մասին» ՀՀ օրենքում և «Քաղաքացիական օրենսգրքում» փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենսդրական փաթեթին կողմ քվեարկեց 62, դեմ՝ 3, ձեռնպահ՝ 31 պատգամավոր:
Վերջին տարիներին գյուղատնտեսությունում գրանցված առաջընթացի հետ մեկտեղ ոլորտում բնատնտեսական ներուժի օգտագործման մակարդակը դեռևս ցածր է, որի հիմնական պատճառներից մեկը հանրապետության գյուղացիական տնտեսությունների փոքր չափերն են և տնտեսությունների համատեղ գործունեության ձեռնարկումների դանդաղ ընթացքը: Ստեղծված իրավիճակում կարևորվում է ագրարային ոլորտում կիրառվող տնտեսվարման ձևերի կատարելագործման, կոոպերացիայի զարգացման ուղղությամբ համակարգված պետական քաղաքականության իրականացումը:
Օրենսդրական նախաձեռնությամբ կարգավորվում է գյուղատնտեսական կոոպերատիվների և դրանց միությունների ստեղծման, անդամակցության, գործունեության իրականացման, կառավարման, գործունեության դադարման, վերակազմակերպման, լուծարման հետ կապված հարաբերությունները և սահմանում է դրանց մասնակիցների իրավունքները, պարտականություններն ու պատասխանատվությունը, ինչպես նաև՝ կոոպերատիվների պետական աջակցության ուղղությունները:
Գյուղատնտեսական կոոպերատիվը ագրոպարենային համակարգում գործունեություն իրականացնող քաղաքացիների և իրավաբանական անձանց անդամության վրա հիմնված ու իր անդամների գույքային վճարների միավորման միջոցով մասնակիցների նյութական և այլ կարիքների բավարարման նպատակով ստեղծված կամավոր տնտեսական միավորում է:
Նախագծի ընդհանուր դրույթներ գլխում սահմանվել են կոոպերատիվների նպատակները, ինչպես նաև գործունեության ուղղությունները՝ գյուղատնտեսական արտադրանքի արտադրության իրացում, գյուղատնտեսական մատակարարում, գյուղատնտեսության ոլորտում սպասարկում, գյուղատնտեսական արտադրանքի վերամշակում:
Գյուղատնտեսական կոոպերատիվի անդամ կարող են դառնալ իրավաբանական անձինք և 16 տարին լրացած ֆիզիկական անձինք, 16-ի մինչև 18 տարեկանների դեպքում՝ ծնողի, որդեգրողի, հոգաբարձուի կամ խնամակալության ու հոգաբարձության խորհրդի մարմնի համաձայնությամբ կամ դատարանի որոշմամբ:
Կոոպերատիվի անդամը կարող է մասնակցել կոոպերատիվի կառավարմանը, հանդես գալ առաջարկներով, քվեարկել, ընտրել կամ ընտրվել կոոպերատիվի կառավարման մարմիններում, ստանալ կոոպերատիվի գործունեությունից ձևավորված ավելցուկը, արտոնյալ պայմաններով ձեռք բերել կոոպերատիվի կողմից տրամադրվող ապրանքներ և օգտվել վերջինիս ծառայություններից, կամավոր կերպով դուրս գալ կոոպերատիվից: