Վայելում եմ սրտիս տակ օր օրի մեծացող հրաշքի ներկայությունը. Մերի Ներսիսյանը կրկին կմայրանա (ֆոտո)
ЛАЙФLife.panorama.am-ը գրում է.
«Մայրիկների ակումբ» հաղորդաշարի վարող Մերի Ներսիսյանի համար 2016-ը հիշարժան է լինելու, քանի որ գալիք տարում կծնվի Մերիի եւ Գոռի երկրորդ բալիկը: Իսկ բարի լուրը հաղորդավարուհին առաջինը Life.panorama.am-ին է վստահել:
«Մենք սպասում ենք մեր երկրորդ երջանկությանը: Այժմ գտնվում եմ հղիության 3-րդ ամսում, Փառք Աստծո, դեռեւս հղիությունս բարեհաջող է ընթանում, այնպես որ վայելում եմ սրտիս տակ օր օրի մեծացող հրաշքի ներկայությունը»,- մեզ հետ զրույցում պատմեց Մերին:

Երջանիկ մայրիկը արդեն գիտի նաեւ բալիկի սեռը. «Կրկին աղջիկ ենք ունենալու, ինչն ուղղակի կրկնապատկել է մեր երջանկությունը: Հենց այդպես էլ պլանավորել էինք, որ սկզբում կունենանք երեք աղջիկ, այնուհետեւ կմտածենք որդու մասին: Ես շատ ուրախ եմ, որ ամուսինս՝ Գոռն էլ, շատ հայ տղամարդկանց նման չի մտածում որդի ունենալու մասին, այլ ինքն էլ իմ նման ցանկանում է երեք աղջիկ ունենալ, այնուհետեւ մտածել որդի ունենալու մասին: Հուսամ, մեր երազանքը կկատարվի, մեր երկրորդ աղջիկը բարեհաջող լույս աշխարհ կգա, իսկ նրանից հետո կմտածենք երրորդ դստեր մասին,- նշեց հաղորդավարուհին ու ավելացրեց,- երբ երեխայի մասին ենք խոսում, մեզ համար մի բանն է միայն կարեւորվում, որ անկախ սեռից առողջ երեխա ծնվի, մնացածը շատ երկրորդական է, բալիկի առողջ լինելը գերագույն արժեքն է իմ ու Գոռի համար»:
Ի դեպ, Մերի Ներսիսյանը նկատեց նաեւ, որ երբ իմացել է հղիության մասին, շատ է հուզվել. «Կրկին մայրանալու ընդմիջումը մեծ էր, ուստի զգացողություններս էլ նույնը չէին, ինչ առաջնեկի դեպքում: Ավելին ասեմ՝ շատ տարբեր էին լուրն իմանալու հետ կապված զգացողություններս: Առաջինի դեպքում չգիտես, թե ինչ երջանկություն է քեզ սպասվում, բայց հիմա, երբ գիտեմ, թե հղիությունս ինչ հրաշքներ է բերելու, լրիվ այլ կերպ եմ վերաբերվում»,- պատմեց նա:
Հեղինակ՝ Անուշիկ Մելքոնյան



