Լեդի Գագան պատմել է 19 տարեկանում բռնաբարության զոհ դառնալու և հղիանալու մասին
ЛАЙФՀայտնի երգչուհի Լեդի Գագան, հաղորդավարուհի Օփրա Ուինֆրիի և Մեծ Բրիտանիայի արքայազն Հարիի հեղինակային հաղորդման ընթացքում խոսելով հոգեկան առողջության մասին, վերհիշել է 19 տարեկանում բռնաբարության զոհ դառնալու մասին, հայտնում է The Guardian-ը։
Նա նշել է, որ 19 տարեկանում սեռական բռնության զոհ է դարձել և ասել․ «Իմ պրոդյուսերն ինձ ասաց հանիր հագուստդ, ես ասացի` ո՛չ ․․․ ես նույնիսկ չեմ հիշում»։ Լեդի Գագան հավելել է, որ բռնության հետևանքով հղիացել է և նշել, որ երբեք չի ցանկանա նորից տեսնել այդ մարդուն։
Այս մասին երգչուհին առաջին անգամ խոստովանել էր 2014 թվականին։ 2015 թվականին մի հարցազրույցի ժամանակ նա ասել էր․«Ես 7 տարի ոչ ոքի հետ մտքերս չեմ կիսել։ Չգիտեի` ինչպես կընդունեին դա, չգիտեի ինչպես չմեղադրել ինքս ինձ կամ չմտածել, որ ես եմ մեղավոր։ Դա փոխեց ինձ ամբողջությամբ, փոխեց մարմինս, մտքերս»։
Դեպքից հետո երգչուհին ծանր ժամանակներ է ապրել, ապա կենտրոնացել է երաժշտության վրա` ձեռք բերելով մեծ համբավ։ 2018 թվականին նա սկսել է նկարահանվել ֆիլմերում, որոնցից հայտնի է A Star is Born ֆիլմը, որի երաժշտությունն «Օսկար» մրցանակի է արժանացել։
Այժմ Լեդի Գագան նկարահանվում է «Գուչիի տունը» ֆիլմում, որտեղ մարմնավորում է Պատրիցիա Ռեջիանիին՝ հայտնի ապրանքանիշի (Gucci) տնօրեն Մաուրիցիո Գուչիի նախկին կնոջը, որը 1995 թվականին դատապարտվել էր ամուսնու սպանությունը կազմակերպելու համար:
Ֆիլմի սցենարը հիմնված է Սառա Գեյ Ֆորդենի «Գուչիի տունը. սպանության, խելագարության, հմայքի և ագահության սենսացիոն պատմությունը» գրքի վրա և կթողարկվի նոյեմբերին:
Ֆիլմում նկարահանվում են նաև Ալ Պաչինոն, Ջերեմի Այրոնսը և Ջարեդ Լետոն։