ՀԱՄԱՍ-ի «մատը ձգանի վրա է», Նեթանյահուն պատրաստ է պատասխանել «նոր ուժի մակարդակով». հրադադարից ժամեր անց Իսրայելի և Պաղեստինի միջև բախումները վերսկվել են (լուսանկարներ)
МЕЖДУНАРОДНОЕՀրադադարի մասին հայտարարությունից մի քանի ժամ անց Իսրայելի անվտանգության ուժերի և Հորդանան գետի արևմտյան ափին ՀԱՄԱՍ շարժման պաղեստինցիների միջև նոր բախումներ են սկսվել Տաճարի լեռան շրջակայքում, գրում է Daily Mail-ը:
Նշվում է՝ Իսրայելի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել Ալ Աքսա մզկիթում ուրբաթօրյա աղոթքին մասնակցող պաղեստինցիների ուղղությամբ, որոնք ի պատասխան քարեր են նետել նրանց ուղղությամբ:
Բացի բախումներից, հրթիռների կամ ռմբակոծությունների տեղեկություններ չեն հաղորդվում:
Երկու կողմերն էլ սեփական հաղթանակների մասին են հայտարարել և միմյանց սպառնացել արագ վերսկսել ռազմական գործողությունները, եթե իրավիճակը նորից սրվի:
Դեպքի առնչությամբ Իսրայելի վարչապետի պաշտոնակատար Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ երկիրը պատրաստ է պատասխանել «նոր ուժի մակարդակով»:
Ի պատասխան ՀԱՄԱՍ-ը նշել է, որ «իրենց մատը ձգանի վրա է», եթե Իսրայելը հատի «կարմիր գիծը»:
Հիշեցնենք՝ պաղեստինցիների և իսրայելցիների միջև նախորդ շաբաթ սկսված բախումների հետևանքով պաղեստինյան կողմում զոհերի թիվը հասել է 232-ի, որից 66-ը` երեխա և ավելի քան 38-ը` կին, վիրավորվել է մոտ 1600 պաղեստինցի, իսկ իսրայելական կողմում զոհերի թիվը 12 է, որոնցից 9-ը` իսրայելցի և 3-ը` օտարերկրացի, իսկ 2-ը` երեխա։ Վիրավորների թիվը առնվազն 350 է։
Երուսաղեմում հուզումները սկսվել էին մայիսի 7-ին: Արաբ երիտասարդների և ոստիկանության միջև բախումները բռնկվել էին մայիսի 8-ի երեկոյան, այնուհետև շարունակվել՝ տարածվելով Տաճարի լեռան և «Ալ Աքսա» մզկիթի տարածքում: Դրանք իրենց գագաթնակետին հասել էին մայիսի 10-ին, երբ հրեաները նշում էին Երուսաղեմի օրը: Իսրայելի բանակը հայտարարել Էր, որ ոչնչացրել Է ՀԱՄԱՍ-ի հետախուզության առանցքային դեմքերի, այդ թվում՝ ՀԱՄԱՍ-ի ռազմական հետախուզության անվտանգության բաժնի ղեկավարին ու նրա տեղակալին:
Ինչպես ավելի վաղ տեղելացրել էր Tert.am-ը, Իսրայելի և պաղեստինյան ուժերի միջև հրադադարը տեղական ժամանակով 02:00-ին (Երևանի ժամանակով` 03:00-ին-խմբ.) ուժի մեջ է մտել:
Հայտնի է, որ Գազայի հատվածում պաղեստինցիները նշում են այս դիմակայությունում «տարած հաղթանակը»՝ վերջին օրերի իրադարձություններից հետո հրադադարի հաստատումն այդպիսին համարելով:
Հրադադարի համաձայնությանը հասնելու հարցում մեծ է եղել Եգիպտոսի միջնորդական ներգավվածությունն ու գործադրած դիվանագիտական ջանքերը, որոնք բարձր է գնահատել նաև ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը:
Իսրայելի ռազմաքաղաքական ղեկավարությունը մայիսի 20-ի երեկոյան հավանություն էր տվել պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման հետ հրադադարի հաստատմանը, որի մասին տեղեկություն էր տարածվել վարչապետ Նեթանյահուի աշխատակազմից: Պաղեստինյան ՀԱՄԱՍ-ը համաձայնություն է տվել Կահիրեի միջնորդությամբ հրադադարի հաստատմանը:














