«Կներես, որ չհասցրի քեզ գրկել, ինձ չեմ կարողանում ներել». Նազենի Հովհաննիսյանի հուզիչ գրառումը հոր հիշատակին
ЛАЙФՀաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը Ֆեյսբուքի իր էջում լուսանկար է տեղադրել հոր հետ և հուզիչ գրառում արել նրա հիշատակին:
«Հայրս իմ հենասյունն էր՝ էլեգանտ, ուժեղ, նրբազգաց: Իսկական արցախցի էր (ծննդով Գանձակից էր՝ էն, որ ասում էին արդեն «ազատագրում ենք» է, այ էդտեղից): Երբ դպրոցում էի՝ 90-ներին, մեր տունը միշտ լիքն էր հայրիկիս ազգականներով, մայրս իր սրտի չափ անափ տեղ ուներ բոլորի համար: «Չէ՛» չուներ, տրտունջ չուներ, պինդ բայազետցի էր՝ իշխանազուն: Մեզ էլ ո՞վ էր հարցնում մահճակալները վերցնե՞ն, թե՞ ոչ, տանտիկնոջ սրտաբացությամբ ամեն բան հյուրի համար էր, մանավանդ թուրքից մազապուրծ եղած:
Քնում էինք հաճախ գետնին՝ մեր տեղերը զիջելով մերոնց: Էն ժամանակ ասում էին «փախստական» իմ ազգականներին, հայերին, իրենց հայրենիքը կորցրած հայերին ասում էին փախստական (դպրոցում որ իմանում էին «կիրովաբադցի» ազգականներ ունես, հալածում էին, էական էլ չէր՝ քանի տարեկան ես՝ 8, 12, թե 38: Մենք հալածում ենք միայն իրար, մենք՝ հայերս, էդ անեծքից կազատվե՞նք մի օր:
Հայրս մահացավ 2 տարի առաջ այս օրը, թվում էր չկա ավելի մեծ ցավ, քան ծնողների կորուստը, պարզվեց՝ կա: Իրենք էին էդպես մեծացրել. ամենից ու բոլորից առավել մենք սիրում էինք մեր հողը, էն հողը, որը պիտի մի օր մեզ իր գիրկն առնի, ամենից մեծ ցավն էդ կորուստն էր: Լավ է, որ գոնե չտեսավ Արցախի կորուստը, չտեսավ պառակտված ու մասնատված իր պաշտելի Հայաստանը: Մահացավ՝ թողնելով մեզ անփարատ կարոտ: Նա մանկությանս հետ կապող վերջին թելն էր և երեխա մնալու վերջին իրավունքս: Չկա Հայրս, չկա էլ փոքրիկ արքայադուստրը:
Քարվաճառը երակն էր, որով կապված էի 2 ծնողներիս արմատների հետ, արմատս կտրեցին: Բայց Էս ցավերի ու կորուստների մեջ մի բան հաստատ է. արժեր հազար անգամ հայ ծնվել ու էդքան էլ մեռնել, որ ունենայի հենց էս ընտանիքը, երազանքի պես ծնողներիս ու հավերժ նպատակ դարձած հայրենիքս:
Պապայիս ոգին իր դուստրերի մեջ է. իր չընկճվելու ու չհուսահատվելու բացառիկ կարողությունը, իր սերը հայի ու Հայաստանի հանդեպ, իր երբեք չնեղանալու զարմանալի հատկությունը, իր անհավանական լավատեսությունը: Մենք մասունքի պես պահում ենք մեր մեջ մեր ծնողներին, նրանց սերը, որը մեր երակի արյունն է: Ծնողներիս հավերժ փառք, սեր ու երախտագիտություն, որ երբեք չեն ընկճվել:
Հ.գ. Ես իմ տեղն արել եմ էն աշխարհում, նրանց կողքին: Ու աշխարհը ճաք էլ տա, կռիվ եմ տալու Հայաստանում նրանց գերեզմանի համար էլ: Ես սիրում եմ քեզ պապ:
Կներես, որ չհասցրի քեզ գրկել, ես ինձ չեմ կարողանում ներել»,- գրել է նա:
Նշենք, որ դերասանուհու հայրը մահացել էր 2019 թվականին: Այդ մասին Նազենին իմացել էր «Անհայտ բաժանորդ» ֆիլմի նկարահանման հրապարակում:
Հիշեցնենք, որ դերասանուհին իր մայրիկին կորցրել էր 2011 թվականին: