«Չհասկացա նույնիսկ, թե ինչպես մտերմացանք». Էրմինա Զախարովան՝ սիրելիի՝ «Ախթամար» սերիալից Ժորա Մարտիրոսյանի, խաղավար աշխատելու և մայրիկի ֆինանսական աջակցության մասին
ЛАЙФԴերասանուհի Էրմինա Զախարովան պարբերաբար ոճափոխությունների է դիմում: Այս անգամ նա վերադարձել է վարսերի բաց գույնին: Tert.am Life-ի հետ զրույցում նա խոսել է ոճափոխության, մայրիկին նմանվելու, նրա ֆինանսական աջակցության, ժամանակին որպես խաղավար աշխատելու և սիրելիի՝ «Ախթամար» հեռուստասերիալից լսարանին հայտնի դերասան Ժորա Մարտիրոսյանի մասին:
Էրմինայի խոսքով՝ երկու ամիսը մեկ անգամ վարսերի հետ կապված փոփոխություն է անում, որովհետև արագ հոգնում է: «Գույնը կրկին ավելի բաց եմ ներկել, ինչից հետո նմանվել եմ մայրիկիս, նրա մազերն էլ այդ գույնով են: Հետո ժամանակավոր վարդագույնով եմ ներկել, «Отряд самоубийц» ֆիլմում Հարլիի կերպարի հետ նմանություն կա: Ի դեպ, նրա կերպարը մարմնավորել եմ «Ոսկե դպրոց» նախագծի սերիաներից մեկի ժամանակ: Մի ընթացք կար, երբ ուզում էի մազերս կապույտով ներկել, բայց ռիսկի չդիմեցի, մտածեցի մազերս կվնասվեն, հետո վերականգնելը բարդ կլինի»,- ասաց նա:
Ըստ դերասանուհու՝ վարսերի հարցում միշտ է փոփոխական եղել: Առաջին կտրուկ փոփոխությունն արել է համալսարանի առաջին կուրսում: «Միանգամից կտրուկ փոփոխություն արեցի ու երկար մազերս կտրեցի: Դրանից հետո վարդագույն, շեկ, կարմիր, ինչ գույնով ասես մազերս ներկել եմ: Շուտով ևս մեկ փոփոխություն՝ երկար հյուսքեր եմ անելու: Փոփոխություններս միայն մազերիս հետ են կապված, կյանքում գլոբալ փոփոխություններ չեմ սիրում, որոշումներում հաստատուն եմ»,- նշեց նա:
Էրմինան այս շրջանում մասնագիտական զբաղվածություն չունի: Նրա մասնակցությամբ հեռուստատեսային վերջին նախագիծը եղել է «Շիրազի Վարդը» հեռուստասերիալը: «Դերասան Մհեր Մխիթարյանի հետ համացանցում տեղադրելու համար տեսանյութեր ենք նկարահանում: Ֆինանսական հարցերում հիմա մայրս է ինձ օգնում՝ չնայած Ինստագրամում գովազդներից որոշակի եկամուտ ունենում եմ: Մայրս գիտի, որ իմ մասնագիտությունը մի փոքր կայուն չէ, իսկ թատրոնի կայուն աշխատավարձը շատ քիչ է, դրանով չես կարող ապրել: Ինձ օգնում է այդ հարցում»,- պատմեց Էրմինան:
Դերասանուհին նկատեց՝ երբեք գումարի խնդիր չի ունեցել, բայց աշխատել է դեռահաս տարիքից: «17 տարեկանից ֆինանսապես անկախ եմ եղել, աշխատել եմ որպես խաղավար, հետո էլֆ: Երևանի թատրոնի և կինոյի ինստիտուտի ուսանողների մեծ մասը առաջին կուրսում որպես խաղավար է աշխատում, նորմալ է: Մարս տեղյակ էր, որ աշխատում էի, դեմ չէր: Ես էլ չեմ ամաչում, որ խաղավար եմ աշխատել, շատ հետաքրքիր էր: Մարմնավորել եմ հերոսուհիների, շփվել երեխաների հետ ու նրանցից մեծ էներգիա ստացել: Այնքան հաճելի էր, որ, իրոք, հավատում էին, թե այդ կերպարներն ենք, հեքիաթի մեջ էինք: Ես սիրում եմ աշխատել, չեմ կարող հանգիստ տեղում նստել, չեմ հասկանում այն մարդկանց, որոնք չեն աշխատում»,- ասաց նա:
Էրմինայի սիրտն արդեն երեք տարի է, ինչ զբաղված է: Նրա ընտրյալը «Ախթամար» հեռուստասերիալից լսարանին հայտնի դերասան Ժորա Մարտիրոսյանն է: Էրմինան պատմեց, որ Ժորան իրենից 2 տարով մեծ է, 2018 թվականից միասին են: «Ծանոթացել ենք «Թունավոր սեր» հեռուստասերիալի նկարահանումների ժամանակ: Չհասկացա նույնիսկ, թե ինչպես մտերմացանք, ինչպես գրավեց ինձ, երևի մտածելակերպով: Ես ու Ժորան նման ենք մտածելակերպով, բայց տարբեր ենք շատ սովորություններով, նախասիրություններով: Ժորան հարցազրույցներ տալ չի սիրում, ես տալիս եմ, կարող եմ հաղորդումների հյուր գնալ: Չնայած այս ամենին՝ երջանիկ ենք, որովհետև գլոբալ տարբերություններ չունենք, իսկ փոքրիկ տարբերությունները հարաբերություններն ավելի հետաքրքիր են դարձնում»,- ասաց նա:
Հարցին, թե պատրաստվո՞ւմ են իրենց հարաբերություններն օրինականացնել, էրմինան պատասխանեց. «Չեմ ուզում այդ մասին խոսել: Եթե օրինականացնենք, բոլորը կիմանան»: