Վարազդատ արքայի մասին «Օլիմպիկուս» մուլտֆիլմի պրեմիերայի հայտնի հյուրերն ու հետաքրքիր դրվագները
ЛАЙФ«Սահակյանց» արվեստանոցի «Օլիմպիկուս» նոր հայկական անիմացիոն ֆիլմն արդեն մեծ էկրաններին է: Շուրջ 6 տարի ֆիլմի վրա աշխատելուց հետո հեղինակներն այն երեկ հանդիսատեսի դատին հանձնեցին: Tert.am Life-ը ներկայացնում է երեկոյի հետաքրքիր դրվագներն ու մանրամասները:
«Օլիմպիկուս»-ը հիմնված է իրական փաստերի վրա, դրանում ներկայացվում է հայոց արքա Վարազդատի մարզական արկածները Հունաստանում: Այնտեղի Օլիմպոս քաղաքի Օլիմպիական խաղերի թանգարանում պահպանվել է հնագույն ժամանակների հաղթողների մարմարե անվանատախտակը: Նշված է, որ հայոց արքա Վարազդատ Արշակունին 394 թվականին դարձել է բռնցքամարտի մրցաշարի հաղթող և նրան շնորհվել է «Օլիմպիկուս» տիտղոսը:
Իսկ Հունաստան հայոց արքան գնում է պատահական: Նրան առաջարկում են ուղարկել հայոց լավագույն մարզիկներին, արքան էլ, հիշելով իր մարզական անցյալը, որոշում է ընտանիքի հետ անձամբ մեկնել և ոչ ոքի չասել, որ ինքը Վարազդատ Արշակունին է: Արքային հետապնդում է Մոլլաթոռը, որը նրա և ամբողջ Հայաստանի թշնամին է և ցանկանում է տիրանալ հայոց գահին: Նրա պատճառով արքայական ընտանիքը բազում փորձությունների միջով է անցնում, բայց հաղթահարում է դրանք, և Վարազդատ Արշակունին Հայաստան է վերադառնում «Օլիմպիկուս» տիտղոսը նվաճած:
Անիմացիոն ֆիլմի դերերի կրկնօրինակումն արել են Հրանտ Թոխատյանը, նրա դուստրը՝ Լիլիթ Թոխատյանը, Մկրտիչ Արզումանյանը, Զարուհի Բաբայանը, Արման Նավասարդյանը, Ջուլիետա Ստեփանյանը և այլք:
Ֆիլմի գլխավոր չարագործին՝ Մոլլաթոռին կրկնօրինակում է դերասան Մկրտիչ Արզումանյանը: Նա նկատեց՝ շատ հետաքրքիր ֆիլմ է ստացվել, որը կարող են դիտել և՛ փոքրիկները և մեծերը:
«Այն մեր, մեր երկրի ու պատմության մասին է, կարծում եմ՝ հետաքրքիր կլինի դիտել, որովհետև հիմնված է իրական փաստերի վրա: Ֆիլմում հնչում է գեղեցիկ հայերեն, այնքան նախապայմաններ կան, որոնց համար ֆիլմը պետք է դիտել: Ես մարմնավորում եմ ամենացասական կերպարին, որը շատ ստոր քայլերից հետո փորձում է գրավել Վարազդատի աթոռը: Բացասական կերպար է, բայց զգացմունքային է, ուրախ եմ, որ այս երկար ճանապարհն անցա իմ լավ ընկերների հետ»,- ասաց նա:
Վարազդատ թագավորի կնոջը՝ Գոհար թագուհուն կրկնօրինակում է երգչուհի Զարուհի Բաբայանը: Նա ընդգծեց, որ կերպարը հայ կնոջ հավաքական կերպար է:
«Շատ զուսպ, ամուսնու համար թիկունք հանդիսացող և ոգևորող կին է: Ամուսնուն ճիշտ խորհուրդներ է տալիս, ճիշտ ուղու վրա դնում, հնազանդ է, հայրենասեր: Առհասարակ, մուլտֆիլմում մի քանի շեշտադրություն է դրված: Առաջինը հայրենասիրությունն է, հետո ընտանիքը, որտեղ պետք է լինի համերաշխություն, սեր և հարգանք, իսկ վերջինը, որ պետք է ողջ ուժերդ ներդնես քո երկրի, քաղաքի բարօրության համար: Չնայած նկարահանումները սկսվել են 6 տարի առաջ՝ ֆիլմ այսօր էլ արդի է: Ուրախ եմ, որովհետև այս օրերին նման փոքրիկ հաղթանակները մեծ պետք են: Ուզում եմ, որ այն սիրվի նաև Հայաստանից դուրս»,- նշեց Զարուհին:
Պրեմիերային ներկա էր նաև դերասանուհի Լուիզա Ներսիսյանը, ում ամուսինը՝ Հրանտ Թոխատյանը ֆիլմում կրկնօրինակում է Հունաստանի թագավորին, իսկ դուստրը՝ Լիլիթը կրկնօրինակում է Վարազդատ թագավորի դստերը՝ Նանեին: «Կրկնօրինակումն արվել է 6 տարի առաջ, այդ ժամանակ Լիլիթը շատ փոքրիկ էր: Անցան տարիներ, Լիլիթը մեծացավ, հիմա մի քանի դրվագներ նորից է ձայնագրվել: Որպեսզի ձայնը նման լինի նախկին ձայնին, փոխում էր իր ձայնը: Ֆիլմի դիտումից հետո քեզ կարծես հզոր ես զգում, հոգու հաղթանակ զգում, հասկանում, որ կարող ես սարեր շուռ տալ»,- ասաց Լուիզան:
Նշենք նաև, որ ֆիլմն արդեն թարգմանվել է մի քանի լեզուներով: